Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/26

Այս էջը հաստատված է

վերաբերյալ տրված վկայություններում։ Ասացեք, ձեզ ոչինչ չի՞ զարմացրել։

Ես ասացի, որ թավ ձայնի տիրոջը բոլորն անխտիր ֆրանսիացի են համարել, այնինչ ճղճղան, կամ ինչպես մեկն ասաց, խռպոտ ձայնի վերաբերյալ կարծիքները բոլորովին տարբեր են։

— Դուք պարզապես վերապատմեցիք վկայությունը,— առարկեց Դյուպենը,— առանց որոշակի առանձնահատկություն նշելու։ Մինչդեռ այդպիսի առանձնահատկություն կա։ Ինչպես ասացիք, թավ ձայնը տարաձայնություն չի առաջացրել։ Ինչ վերաբերում է ճղճղանին, ապա նրա առանձնահատկությունը ոչ թե վկաների տարաձայնության մեջ է, այլ այն բանի, որ և՛ իտալացին, և՛ անգլիացին, և՛ իսպանացին, և՛ հոլանդացին ու ֆրանսիացին այն միաձայն բնութագրեցին որպես օտարերկրացու ձայն։ Ամեն մեկը համոզված է, որ ճղճղանն իր իմացած լեզվով չի խոսել։ Ընդ որում յուրաքանչյուրը պնդում է, թե նա ոչ թե ծանոթ մի լեզու է լսել, այլ ճիշտ հակառակը։ Ըստ ֆրանսիացու դա իսպաներեն է եղել՝ «հավանաբար իսպանացի է եղել, թեև ոչինչ չեմ հասկացել»։ Հոլանդացին պնդում է, որ ֆրանսերեն խոսք է լսել, ընդ որում «ֆրանսերեն չիմանալով՝ հարցաքննվել է թարգմանչի միջոցով»։ Անգլիացին կարծում է, թե իր լսածը գերմաներեն էր, չնայած «գերմաներեն չգիտի»։ Իսպանացին համոզված է, որ խոսողն անգլիացի էր, բայց «դատում է միայն ըստ ելևէջների, քանի որ այդ լեզվին ծանոթ չէ»։ Իտալացին ռուսերեն է լսել, թեև «նախքան այդ ռուսաց լեզվի հետ չի շփվել»։ Երկրորդ ֆրանսիացին հակաճառում է առաջինին, պնդելով, որ իտալերեն է լսել, բայց այդ լեզուն չիմանալով, իսպանացու պես դատում է սոսկ ըստ ձայներանգի։ Ինչքան տարօրինակ խոսք պիտի եղած լիներ, որպեսզի նման տարաձայնություններ առաջացներ Եվրոպայի հինգ խոշորագույն ազգերի ներկայացուցիչների միջև։ Իհարկե, չի կարելի բացառել, որ խոսքը ասիացու կամ աֆրիկացու մասին է։ Ու չնայած Փարիզում նրանք այնքան էլ շատ չեն, ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ երեք հանգամանքների վրա։ Վկաներից մեկը այդ ձայնն ավելի շուտ համարել է խռպոտ, քան ճղճղան։ Եվս երկու վկա այն բնութագրել են որպես «խռպոտ ու ընդհատվող»։ Եվ, որ ամենակարևորն է, վկաներից ոչ մեկը չի կարողացել պարզորոշ մի բառ կամ նույնիսկ մի որևէ հստակ վանկ տարբերել։