— Չգիտեմ,— շարունակեց Դյուպենը,— թե ես ինչ տպավորություն գործեցի ձեզ վրա, բայց վերը շարադրված փաստերից կարելի է թավ և ճղճղան ձայներին վերաբերող օրինաչափ մի հետևություն անել, որը լիովին բավարարում է հետաքննության հետագա ամբողջ ընթացքը կանխորոշելու համար։ «Օրինաչափ հետևություն» ասելով ես նկատի ունեմ, որ դա միակ հնարավոր հետևությունն է, և որ այն անխուսափելիորեն, որպես իր ուղղակի արդյունքի, հանգեցնում է մի վարկածի։ Թե ինչ վարկածի, առայժմ չեմ ասի։ Կուզենայի միայն, որ հիշեք, որ այն բավականին համոզիչ էր ննջասենյակում կատարած իմ հետազոտություններին որոշակի բնույթ հաղորդելու համար։
Հիմա եկեք մտովի տեղափոխվենք այդ սենյակը։ Ի՞նչ ենք փնտրելու։ Ոճրագործների փախուստի ճանապարհը։ Բնականաբար, ոչ ես, ոչ դուք գերբնական ուժերին չենք հավատում և գիտենք, որ տիկին և օրիորդ Լեպանեներին սպանողները ուրվականներ չեն: Հանցագործներն, անկասկած, նյութական էակներ են, և ուրեմն փախել են համաձայն նյութական աշխարհում գործող օրենքների։ Բայց ինչպե՞ս: Բարեբախտաբար այդ հարցին պատասխանելու միայն մեկ միջոց կա՝ մեկ առ մեկ հետազոտել փախուստի բոլոր հնարավորությունները։ Կասկած չկա, որ երբ ամբոխը ներքևից տուն է խուժել, հանցագործները դեռ գտնվել են սպանության վայրում, կամ առնվազն ննջարանի նախասենյակում։ Դա նշանակում է, որ նրանք օգտվել են հենց այդ սահմաններում գտնվող մի ելքից։ Ոստիկանները բարեխղճորեն զննել են պատերը, առաստաղն ու հատակը և ոչ մի գաղտնի դուռ չեն գտել։ Չապավինելով նրանց ուշադրությանը, ես ինքս ամեն ինչ ստուգեցի։ Սենյակներից միջանցք տանող երկու դուռն էլ ներսից կողպված են եղել: Դառնանք ծխնելույզներին։ Թեև սրանք ներքևից սկսած մոտ տասը ոտնաչափ բարձրությամբ բավական լայն են, բայց մնացած մասում այնքան են նեղանում, որ մի գեր կատուն էլ հազիվ թե անցնի։ Ուրեմն նշված ուղղություններով փախուստը բացառվում է: Բացառվում է նաև այն, որ հանցագործները կարողանային փողոցի ամբոխից աննկատ փախչել նախասենյակի դրսի պատուհաններից: Ուրեմն ոճրագործներն անկասկած օգտվել են ննջարանի բակը նայող պատուհաններից: Հասնելով այս անառարկելի հետևությանը, մենք, որպես խորհող մարդիկ, չպետք է դրանից հրաժարվենք իր թվացյալ անհնարինության պատճառով։ Մեզ