մնում է ապացուցել, որ այդ անհնարինությունն իսկապես թվացյալ է:
Ննջարանը երկու պատուհան ունի, որոնցից մեկի ներքևի մասը ծածկված է մահճակալի թիկնակով, իսկ մյուսը լրիվ ազատ է։ Առաջինը ներսից պինդ փակված է եղել և չի բացվել նույնիսկ մի քանի հոգու ջանքերով: Նրա փեղկի ձախ մասում փորված անցքի մեջ մի մեծ պինդ մեխ էր խրված: Մյուս պատուհանն ուսումնասիրելիս ոստիկանները նույնատիպ մի մեխ են գտել, և քանի որ այդ պատուհանը նույնպես ոչ մի կերպ չի բացվել, նրանք եզրակացրել են, որ այդտեղից փախչել հնարավոր չէ և նույնիսկ հարկ չեն համարել մեխը հանել ու պատուհանները բացել։ Ես ավելի բծախնդիր դուրս եկա և չսահմանափակվեցի մակերեսային զննումով, քանի որ նպատակ էի դրել ցրել «անհնարինության» պատրանքը։
Ես որոշեցի մտածել á posteriori[1]: Ես հաստատ ընդունեցի, որ ոճրագործները պատուհաններից են փախել։ Բայց այդ դեպքում նրանք չէին կարող ներսից ամրացնել փեղկերը, և այդ նկատառումն իր ակներևությամբ ստիպել էր ոստիկաններին կտրականապես հրաժարվել այդ մտքից։ Այո, պատուհանները փակ են եղել, բայց դա միայն նշանակում է, որ նրանք կարող են նաև ավտոմատ կերպով փակվել։ Ազատ լուսամուտի մեխը հանելով՝ ես համոզվեցի, որ փեղկը չի բացվում: Դա իմ սպասումներին չէր հակասում։ Ես գիտեի, որ ինչ֊որ տեղ գաղտնի զսպանակ պիտի լինի։ Շուտով ես գտա ու սեղմեցի այդ զսպանակի կոճակը և, դրանով բավարարվելով, այլևս փեղկը չբարձրացրի:
Մեխը կրկին տեղը դնելով՝ ես հասկացա, որ հանցագործը դրսից գուցեև ամրացներ փեղկը, բայց մեխը նորից անցքը մտցնելու ոչ մի հնարավորություն չէր ունենա։ Այստեղից միայն մեկ հնարավորություն էր բխում, որն ավելի էր նեղացնում իմ որոնումների ոլորտը։ Հանցագործը պետք է որ փախած լիներ մյուս պատուհանից։ Եթե երկու պատուհանների զսպանակները ոչ մի բանով չտարբերվեն, ապա գաղտնիքը պետք է փնտրել երկրորդ մեխի մեջ։ Մահճակալի վրա բարձրանալով՝ ես ձեռքս մտցրի ու սեղմեցի գաղտնի սողնակը, որը առաջինի ճշգրիտ պատճենն էր, ապա զբաղվեցի մեխով։ Դա նախորդի
- ↑ Հակառակ կարգով (լատ.):