Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/3

Այս էջը հաստատված է


արհամարհել համաճարակը։ Խենթություն կլիներ այդ պայմաններում տագնապել կամ տարվել ավելորդ մտորումներով։ Իշխանը նախապատրաստել էր խրախճանքի բազում միջոցներ ու ձևեր։ Կային խեղկատակներ, հանկարծաստեղծներ, երաժիշտներ, պարուհիներ… Կար Գեղեցկությունն ու կար գինին։ Այս ամենը կար ապահովության հետ մեկտեղ։ Կարմիր մահը մնացել էր դրսում։

Մեկուսացման հինգերորդ, թե վեցերորդ ամսվա վերջին, երբ դրսում համաճարակն առավել սաստկացել էր, իշխան Պրոսպերոն հրավիրեց իր բարեկամներին չտեսնված շքեղ մի պարահանդեսի։ Սակայն թույլ տվեք նախ նկարագրել յոթ արքայական դահլիճների այն շարքը, ուր տեղի ունեցավ խրախճանքը։ Ուրիշ շատ պալատներում նման դահլիճները դասավորված են լինում ուղիղ գծի վրա այնպես, որ դռները բացվելուն պես աչքերիդ առջև հայտնվում է ամբողջ շարքը։ Այստեղ կիրառված էր բոլորովին այլ սկզբունք, որը և բխում էր իշխանի արտառոց ճաշակից։ Դահլիճների դասավորությունն այնքան անկանոն էր, որ անհնար էր մի հայացքով մեկից ավելին տեսնել։ Ամեն քսան-երեսուն քայլին մի կտրուկ շրջադարձ կար, իսկ ամեն շրջադարձին՝ ազդեցիկ մի նորույթ։ Պատերի մեջ աջից և ձախից բացված երկար ու նեղ գոթական ոճի լուսամուտները նայում էին դահլիճների պտույտներին հետևող փակ միջանցքին։ Յուրաքանչյուր պատուհանի ապակիների գույնը ներդաշնակ էր տվյալ դահլիճի հարդարանքի գերիշխող երանգին։ Օրինակ, արևելյան կողմի դահլիճի պաստառների երկնագույնին համապատասխանում էր պատուհանի ապակիների վառ կապույտը։ Երկրորդ դահլիճի հարդարանքն ու որմնագորգերը ծիրանագույն էին, ինչպես և պատուհանի ապակիները։ Երրորդը ամբողջովին կանաչ էր, պատուհանի ապակիների պես։ Չորրորդ, նարնջագույն դահլիճը ողողված էր նույն գույնի լույսով, հինգերորդը՝ սպիտակով, վեցերորդը՝ մանուշակագույնով։ Յոթերորդ դահլիճն ամբողջովին պատած էր սև կերպասով, որը, ծածկելով առաստաղը, ծանր ծալքերով պատերն ի վար իջնում էր նույն գույնի գորգի վրա։ Միայն այս դահլիճում էր, որ պատուհանի ապակիների գույնը չէր համապատասխանում հարդարանքին։ Այստեղ ապակիները մուգ կարմիր էին՝ արյան գույնի։ Յոթ դահլիճներից և ոչ մեկում չկար որևէ լուսամփոփ կամ ջահ: Ոչ մի կանթեղ և ոչ մի ճրագ չէր թաքնված դահլիճների պատերին