Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/30

Այս էջը հաստատված է

փեղկն էլ կիսով չափ բաց էին և պատի հետ ուղիղ անկյուն էին կազմում։ Հնարավոր է, որ ոստիկանները պատուհաններին նայել են հենց մեր դիրքից, և քանի որ փեղկերը միայն կողքից են տեսել, ուստի և արժանի ուշադրություն չեն դարձրել դրանց բավական մեծ լայնքի վրա։ Փաստորեն, հենց սկզբից համոզվելով, որ պատուհանից փախչելու հնար չկա, նրանք այլևս հաշվի չեն առել այդ հնարավորությունը։ Մինչդեռ ես պարզ տեսնում էի, որ մեզ հետաքրքրող պատուհանի փեղկը, լրիվ բացվելու դեպքում, շանթարգելից երկու ոտք հեռավորության վրա կգտնվի:

Բացառիկ ճարպիկ ու համարձակ հանցագործը կարող էր, շանթարգելից բռնված, ձեռքը պարզել և կառչել պատուհանի բաց փեղկից։ Այնուհետև, եթե ընդունենք, որ պատուհանն էլ էր բաց, նա կարող էր ոտքերով պատից հրվել և, որոշակի ճկունություն դրսևորելով, ներս ընկնել սենյակ։

Ես ուզում եմ հատկապես նշել, որ խոսքն այստեղ բացառիկ ճարպկության և ուժի մասին է, առանց որի բացարձակապես անհնար կլիներ նման ցատկ կատարել։ Նախ և առաջ ես ուզում եմ ապացուցել, որ այդ ցատկը ֆիզիկապես իրագործելի է, իսկ այնուհետև ընդգծել, որ դրա համար գրեթե գերբնական մարզվածություն է պետք։

— Դուք, անկասկած, կառարկեք, որ, ինչպես ասում են դատապաշտպանները, «հարցը հօգուտ ինձ լուծելու համար» ես լավ կանեի, եթե թերագնահատեի հնարավոր հանցագործի ուժը: Բայց դա արդեն իրավաբանների գործն է. անձամբ ինձ միայն ճշմարտությունն է հետաքրքրում։ Առայժմ ես կուզենայի, որ դուք ճիշտ պատկերացնեք հետևյալ հարաբերությունը. մի կողմից իմ արդեն նշած աներևակայական ուժն ու ճարպկությունը, մյուս կողմից՝ այն ճղճղան, ընդհատվող և չկապակցված հնչյունները, որոնց ազգային պատկանելության հարցից վկաներն այդպես էլ գլուխ չհանեցին։

Այստեղ ինձ թվաց, թե ես ուր որ է կհասկանամ Դյուպենի խոսքերը։ Իմ ուղեղում առկայծեց մի աղոտ ու կիսատ միտք, որն ի վերջո այդպես էլ չձևավորվեց։ Հաճախ նույն բանն է պատահում, երբ մենք փորձում ենք, բայց այնպես էլ չենք կարողանում ինչ֊որ բան հիշել։

Դյուպենը շարունակում էր։

— Դուք երևի նկատեցիք, որ ես փախչելու հարցից հանգեցի