Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/32

Այս էջը հաստատված է

անցքը։ Սովորական մարդասպաններն այդպես չեն սպանում և առավել ևս, այդպես չեն թաքցնում զոհի դիակը։ Պատկերացրեք, թե ինչպես են դիակը խցկում ծխնելույզը, և դուք կհամաձայնվեք, որ դրա մեջ ինչ֊որ հրեշավոր բան կա, որն անհամատեղելի է նույնիսկ ամենադաժան մարդու մասին ունեցած մեր պատկերացման հետ։ Պատկերացրեք նաև, թե ինչպիսի ահռելի ուժ պիտի ունենար հանցագործը, որպեսզի ծխնելույզով վեր խցկեր դիակը, երբ հինգ հոգով այն հազիվ կարողացան միայն ներքև և դուրս քաշել։

Չմոռանանք, որ այդ ահռելի ուժը հանցագործը դրսևորել է նաև մի շարք այլ պարագաներում։ Հիշո՞ւմ եք բուխարու ճաղերին կպած արմատախիլ արված մազափունջը։ Բոլորն էլ գիտեն, թե որքան դժվար է մարդու գլխից միանգամից թեկուզ քսան մազ պոկելը։ Տվյալ դեպքում դուք տեսաք մազարմատների հետ պոկված գանգամաշկի արնաշաղախ պատառները, որոնք վկայում են մոտ կես միլիոն մազ միանգամից պոկելու համար կիրառված անմարդկային ուժի մասին։ Սովորական մի ածելիով ոչ թե պարզապես կտրված է ծեր կնոջ կոկորդը, այլ գլուխն ամբողջովին անջատված է մարմնից։ Ես դեռ չեմ խոսում ոճրագործի անմարդկային, զարհուրելի անգթության մասին։ Հիշենք թեկուզ տիկին Լեպանեի դիակի տեսքը։ Մսյո Դյուման և նրա պատվարժան օգնական մսյո Էտյենը պնդում են, որ դիակն այլանդակված է ինչ֊որ բութ գործիքով և այդ առումով լիովին իրավացի են։ Բութ գործիքի դերը կատարել է բակի սալահատակը, երբ դիակը պատուհանից դուրս են նետել:

Այսուհանդերձ, այս տարրական փաստը նույնպես վրիպել է ոստիկանների աչքից, ինչպես վրիպել է նաև փեղկերի լայնությունը, որովհետև նրանց հերմետիկ փակված ուղեղներում երբեք չի ծագել այն միտքը, թե պատուհանները, մեխերից անկախ, այնուամենայնիվ կարող էին բացվել։

Ձեզ մնում է միայն պատկերացնել, թե ինչ կստացվի, եթե մենք իրար գումարենք ննջարանի քաոսային վիճակը, ոճրագործի անասելի ուժն ու ճարպկությունը, սպանության անմարդկային դաժանությունը և այն փաստը, որ ամենատարբեր ազգերի ներկայացուցիչները օտար են համարել ննջարանից լսվող անհոդաբաշխ ձայները։ Ի՞նչ կասեք, բարեկամս։

Դյուպենի հարցից ես ակամա փշաքաղվեցի։