Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/34

Այս էջը հաստատված է

աներևակայելի ուժով, դաժանությամբ և կապկելու գերազանց ունակությամբ: Ես իսկույն պատկերացրի սոսկալի սպանության տեսարանը։

— Մատների նկարագրությունը,— ասացի ես,— ճիշտ և ճիշտ համընկնում է ձեր գծագրի հետ։ Հիմա ես հասկանում եմ, որ այստեղ նկարագրված օրանգուտանից բացի, ուրիշ ոչ մի կենդանի չէր կարող նման հետքեր թողնել։ Ժանգի գույնի բուրդը նույնպես համընկնում է Կյուվյեի նկարագրած գազանի հետ։ Բայց ես դեռ չեմ պատկերացնում սպանության ամբողջ ընթացքը. չէ՞ որ վկաները ֆրանսերեն խոսող մարդու ձայն էլ են լսել։

— Համաձայն եմ։ Դուք պետք է որ հիշեք, որ այդ մարդուն բոլորը միաձայն վերագրում են mon Dieu բացականչությունը, որը հրուշակագործ Մորոն, տվյալ դեպքում միանգամայն արդարացիորեն, հանդիմանության արտահայտություն է համարում։ Առեղծվածի վերջնական լուծման իմ հույսը կապված է հենց այդ արտահայտության հետ։ Ես կարծում եմ, որ մի ոմն ֆրանսիացի ականատես է եղել ոճրագործությանը։ Հնարավոր է, ես կասեի նույնիսկ կասկած չի հարուցում, որ սպանությանը նա չի մասնակցել։ Կապիկը պետք է որ փախած լինի նրանից։ Ֆրանսիացին վազել է նրա ետևից մինչև տիկին Լեպանեի տունը, բայց, բնականաբար, ի վիճակի չի եղել միջամտել այնտեղ կատարված դեպքերին։ Երևի կապիկը հիմա էլ դեռ մի տեղ ազատ վազվզում է։ Իմ այս կռահումներն այնքան խախուտ հիմք ունեն, որ ես դժվարանում եմ դրանք ձևակերպել և առավել ևս մատչելի ձևով ներկայացնել ձեզ։ Ինչևէ, եթե մեր ֆրանսիացին իրոք անմեղ է, ապա պիտի որ այստեղ գա, հետևելով այսօրվա թերթում տված իմ հայտարարությանը: Ես ընտրեցի «Le Monde»֊ը, որովհետև այն նավագնացությանը բավական մեծ տեղ է հատկացնում և շատ տարածված է նավաստիների շրջանում։

Նա ինձ մեկնեց թերթը, և ես կարդացի հետևյալ հայտարարությունը.

ՈՐՍՎԱԾ է Բուլոնյան անտառում: Այսինչ ամսվա այսինչին (սպանության օրը), վաղ առավոտյան բռնված է Բորնեզյան ցեղի վիթխարի մի օրանգուտան: Կվերադարձվի օրինական տիրոջը (ըստ տեղեկությունների մալթիական նավի նավաստի)՝ որսալու և խնամելու ծախսերը հատուցելու պայմանով: Դիմել