Սեն Ժերմեն արվարձան... փողոց, տուն համար... հինգերորդ հարկ։
— Իսկ ի՞նչ գիտեք,— հարցրի ես,— որ այդ մարդը նավաստի է, այն էլ՝ մալթիական նավի։
— Ես չգիտեմ,— առարկեց Դյուպենը,— և բնավ համոզված չեմ։ Ահա կեղտոտ մի ժապավեն, որով նավաստիները սովորաբար կապում են իրենց queues[1]֊ները։ Ես այն գտել եմ շանթարգելի տակ։ Ընդ որում, այն կապված է միայն մալթիական նավաստիներին հատուկ մի ձևով։ Այն չի կարող պատկանել զոհերից և ոչ մեկին։ Բացի այդ, եթե ես նույնիսկ սխալվեմ, այդ մարդը պարզապես կկարծի, որ մոլորության մեջ եմ ընկել և դրան առանձնապես կարևորություն չի տա։ Իսկ եթե ճիշտ դուրս գամ, ապա մենք շատ բան կշահենք։ Ամեն դեպքում նավաստին մի լավ ծանր ու թեթև կանի՝ արժե՞ գալ, թե՞ ոչ։ Նա կմտածի՝ «Ես անմեղ, աղքատ մարդ եմ: Օրանգուտանը բավական մեծ գին ունի, ինձ համար դա մի ամբողջ կարողություն է: Ինչո՞ւ պիտի փուչ կասկածամտության պատճառով այդքան փող կորցնեմ։ Նրան բռնել են սպանության վայրից շատ հեռու, Բուլոնյան անտառում, և վերջապես, ո՞ւմ մտքով կանցնի, որ այդ ամենը կարող է կապկի արածը լինել: Ոստիկանությունը ոչինչ չի կասկածում, և եթե նույնիսկ պարզվի, թե կապիկն ինչ է արել, ոչ ոք չի կարող ապացուցել, որ ես մեղավոր եմ: Վերջապես, ինչ֊որ մեկն ինձ արդեն գիտի, և հայտնի չէ, թե իմ մասին ինչ է պատմել հայտարարություն տվողին։ Եթե ես այդ թանկ կապիկը հետ չուզեմ, ապա հենց դրանով կասկածի տակ կընկնեմ։ Ավելի լավ է օրանգուտանին վերցնեմ ու թաքցնեմ, մինչև ամեն ինչ մոռացվի֊գնա»:
Սանդղահարթակից քայլերի ձայն լսվեց։
— Ատրճանակները պատրաստեք,— զգուշացրեց Դյուպենը,— միայն թե ցույց չտաք և չկրակեք, մինչև որ ազդանշան տամ:
Քանի որ տան դրսի դուռը բաց էր, այցելուն զանգը չէր քաշել և արդեն վերև էր բարձրանում։ Հանկարծ մենք լսեցինք, թե ինչպես նա կանգ առավ և սկսեց իջնել։ Հազիվ էր Դյուպենը նետվել դռան կողմը, երբ այցելուն նորից հետ դարձավ ու քիչ անց դուռը թակեց։
- ↑ Հյուսերը (ֆր.)։