կոտրած է եղել իր խուցը սենյակից անջատող միջնորմը։ Փրփուրը դեմքին և ածելին ձեռքին բռնած, նա պատրաստվել է ոչ ավել, ոչ պակաս տիրոջ պես սափրվել, քանի որ մինչ այդ բազմիցս դռան անցքից հետևել է այդ գործողությանը։ Վտանգավոր զենքն այդ կատաղի կենդանու ձեռքում տեսնելով՝ նավաստին մի պահ գլուխը կորցրել է։ Բայց քանի որ նա արդեն գտել էր նույնիսկ կատաղած կապիկի հախից գալու ձևը, անմիջապես մտրակը ձեռքն է առել։ Մտրակը տեսնելով՝ կապիկն իսկույն սենյակից դուրս է ցատկել և աստիճանահարթակի բաց մնացած պատուհանից նետվել փողոց։ Ընկճված ֆրանսիացին անհապաղ վազել է նրա ետևից։ Ածելին ձեռքից բաց չթողնելով՝ կապիկը մեկ֊մեկ կանգ է առել, որպեսզի նավաստուն ծաղրի, բայց ոչ մի անգամ նրան մոտ չի թողել։ Առավոտյան ժամը երեքին մոտ, ամայի փողոցներից մեկում, նրան գրավել է տիկին Լեպանեի պատուհանի լույսը։ Մոտ վազելով շանթարգելին՝ կապիկն իսկույն ճարպկորեն մագլցել է վեր ու պատուհանի բացված փեղկից կառչելով, թռել սենյակ։ Այդ ամենը մի րոպե էլ չի տևել։ Ներս մտնելուն պես կապիկը ոտքի ուժեղ հարվածով ետ է շպրտել փեղկը։ Նավաստին ուրախացել է, բայց միաժամանակ նաև մտահոգվել։ Կապիկը փաստորեն ծուղակն էր ընկել և կարող էր փախչել միայն շանթարգելի միջոցով, ուստի և տերն իսկույն նրան կբռներ։ Բայց կապիկը կարող էր նաև տանն ինչ ասես անել, և այդ նկատառումը ստիպել է նավաստուն հետևել նրա օրինակին։ Շանթարգելով բարձրանալը, այն էլ նավաստու համար, չնչին բան է եղել, բայց նա միայն մեծ դժվարությամբ կարողացել է ընդամենը պատուհանից ներս նայել։ Աչքին բացված սոսկալի տեսարանից քիչ է մնացել վայր ընկնի։ Հենց այդ ժամանակ են լսվել այն աղեկտուր ճիչերը, որոնք արթնացրել են Մորգ փողոցի բնակիչներին, տիկին Լեպանեն և նրա դուստրը, գիշերաշապիկները հագներին նստած, զբաղված էին սենյակի մեջտեղը քաշված փոքրիկ սնդուկի թղթերով։ Սնդուկի խուփը բաց էր, իսկ նրա պարունակությունը ցրված սենյակի հատակին։ Կապիկի ներս ցատկելու պահին զոհերը երևի նստած են եղել մեջքով դեպի պատուհանը, քանի որ անմիջապես չեն ճչացել։ Փեղկի թխկոցը նրանք հավանաբար վերագրել են քամուն։
Նավաստու լուսամուտից ներս նայելու պահին օրանգուտանը բռնած է եղել տիկին Լեպանեի քնից առաջ դեռ չսանրած