ու առաստաղներին շռայլորեն ցրված ոսկյա զարդերի տակ։ Միայն սենյակները շրջափակող միջանցքում, յուրաքանչյուր պատուհանի դիմաց, դրված էին ծանր եռոտանիներ, որոնց աշտանակների պայծառ բոցը գունավոր ապակիների միջով լուսավորում էր դահլիճները, անթիվ հեքիաթային պատկերներ ստեղծելով նրանցում։
Արևմտյան կամ սև դահլիճում արնագույն ապակիներից սփռվող լույսն այնքան չարագուշակ տպավորություն էր թողնում և մտնողների դեմքին այնքան վայրի արտահայտություն էր տալիս, որ քչերն էին համարձակվում այնտեղ ոտք դնել։ Նույն այդ դահլիճի արևմտյան պատին հենված էր հսկա սևափայտ մի ժամացույց, որի ճոճանակը, դանդաղ օրորվելով, խուլ, միալար ու բթացնող ձայն էր արձակում։ Երբ մեծ սլաքը բոլորում էր իր շրջանը, հսկա մեքենայի պղնձյա թոքերը հստակ ու բարձր մի ձայն էին արձակում։ Երգեցիկ այդ ձայնն օժտված էր այնպիսի յուրօրինակ երանգով ու շեշտով, որ ժամացույցի ամեն զարկին երաժիշտներն ակամա ցած էին դնում գործիքները, պարող զույգերը կանգ էին առնում, և բոլորը մի պահ շփոթության էին մատնվում։ Այդ պահերին ներկաներից առավել անհոգները գունատվում էին, իսկ ավելի տարեց և անվրդով մարդիկ ճակատներն էին շփում, ասես ինչ-որ մղձավանջ քշելով։ Զարկերի վերջին արձագանքները մարելուն պես, շուրջը նորից պոռթկում էր ուրախ ծիծաղը, երաժիշտներն իրար էին նայում ու ծաղրում իրենց անտեղի վախը, շշուկով իրար խոստանալով հաջորդ անգամ այլևս տագնապի չենթարկվել։ Բայց ուղիղ վաթսուն րոպե անց (որը ժամանակի թռիչքի երեք հազար վեց հարյուր վայրկյանն է կազմում), հաջորդ ժամն ազդարարելիս, նույն իրարանցումը, նույն շփոթմունքն ու սարսուռն էր պատում ամենքին։
Չնայած այս ամենին, խնջույքն ընթանում էր իր ուրախ ու շքեղ հունով։ Իշխանը յուրօրինակ ճաշակ ուներ և գույների ու զանազան ազդեցիկ հնարքների նուրբ գիտակ էր։ Նա տանել չէր կարող ծեծված ձևեր՝ նրա ծրագրերը հանդուգն էին ու կրակոտ, իսկ հղացումները բարբարոսական փայլ ունեին։ Կային, իհարկե, մարդիկ, որոնք պատրաստ էին նրան ցնդած համարել, բայց նրա մտերիմները գիտեին, որ դա այդպես չէ։ Պետք էր մոտիկից տեսնել նրան, դրանում համոզվելու համար։ Խրախճանքի առիթով իշխանն անձամբ զբաղվել էր դահլիճների ձևավորմամբ