Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/40

Այս էջը հաստատված է

կպայթի։ Իր իսկ բնագավառում նրան ջախջախելու փաստն ինձ լրիվ հերիք է։ Ի դեպ, նա իզուր է զարմանում, որ չի կարողացել լուծել այդ առեղծվածը։ Նա չափից դուրս խորամանկ է խորաթափանց լինելու համար, իսկ նրա մեթոդն՝ անողնաշար։ Նրա իմաստությունը մի գլուխ է առանց մարմնի, նման Լավերնա աստվածուհու պատկերին, կամ լավագույն դեպքում՝ ձկան պես գլուխ և ուսեր ունի, բայց ուրիշ ոչինչ: Համենայն դեպս, վատ մարդ չէ: Ինձ հատկապես հիացնում է այն հմտությունը, որով նա խելացի մարդու համբավ է ձեռք բերել։ Ես նկատի ունեմ այն, թե ինչպես է նա «de nier ce qui est, et d'expliquer ce n'est pas»[1]:


ՁՎԱՁԵՎ ԴԻՄԱՆԿԱՐԸ

Այն դղյակը, որտեղ, իր վիրավոր տիրոջն անօթևան չթողնելու համար, ներխուժեց իմ սպասյակը, ճոխության ու մաղձի այն կուտակումներից մեկն էր, որոնք դարերով խոժոռվում են Ապենինյան լեռներում ոչ միայն տիկին Ռադքլիֆիiii երևակայության մեջ, այլև իրականում։ Ըստ իս այն լքել էին բոլորովին վերջերս և միայն ժամանակավորապես, այնպես որ մենք որոշեցինք հանգրվանել ամենից փոքր ու անշուք սենյակում, որը գտնվում է դղյակի հեռավոր աշտարակներից մեկում։ Սենյակի հարդարանքը ճոխ էր, բայց բավական հին ու մաշված։ Գորգերով ծածկված պատերին բազմապիսի զենք ու զրահ էր կախված, ինչպես նաև բազմաթիվ ժամանակակից նկարներ՝ ոսկեզօծ շրջանակներով։ Այդ նկարները, որոնք կախված էին ոչ միայն պատերին, այլև նման կառույցների համար անխուսափելի բազմաթիվ խորաններում, չափազանց հետաքրքրեցին ինձ, թեև դրա պատճառը գուցե ինձ մոտ սկսվող տենդն էր։ Արդեն մթնում էր, և ես Պեդրոյին խնդրեցի փեղկերը փակել, վառել անկողնու մոտ դրված աշտանակի մոմերը և ետ քաշել ամպհովանու թավշյա սև վարագույրը։ Եթե ինձ չհաջողվեր քնել, ես գոնե կկարողանայի զբաղվել նկարներով և դրանք թվարկող ու քննող մի փոքր հատորյակով, որը գտել էի բարձիս տակ։

  1. Հերքում այն, ինչ գոյություն ունի, և հաստատում այն, ինչ գոյություն չունի (ֆր.):