Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/42

Այս էջը հաստատված է

հառած։ Վերջապես, գտնելով այդ անսովոր ազդեցության գաղտնիքը, ես գոհունակությամբ ետ ընկա անկողնուս մեջ։ Նկարի հմայքը նրա կատարյալ շնչավորության մեջ էր, որը սկզբում ցնցեց, ապա շփոթեցրեց, ընկճեց ու ահաբեկեց ինձ։ Խորին երկյուղածությամբ ու ակնածանքով լցված, ես մոմակալն իր նախկին տեղը դրի։ Վերացնելով այդպիսով իմ խռովության պատճառը, ես իսկույն դիմեցի նկարները մեկնաբանող գրքույկին։ Գտնելով ձվաձև դիմանկարի համարը, ես կարդացի հետևյալ տարօրինակ ու առեղծվածային պատմությունը։

«Նա անզուգական գեղեցկությամբ օժտված մի օրիորդ էր, նույնքան հմայիչ, որքան և զվարթ։ Ձախորդ եղավ այն օրը, երբ նա տեսավ ու սիրեց նկարչին և դարձավ նրա կինը։ Նկարիչը համառ էր, անզիջում ու մոլեռանդ և արդեն պսակված էր Արվեստի հետ։ Աղջիկն օժտված էր անզուգական գեղեցկությամբ, հմայիչ էր, զվարթ և ասես հյուսված լիներ լույսից ու ժպիտներից։ Եղնիկի պես կայտառ մի էակ էր նա և սիրում ու գուրգուրում էր ամեն բան — ատելով միայն իր ախոյան Արվեստը, սոսկալով միայն վրձնից, երփնապնակից և նման չարագուշակ պիտույքներից, որոնք խլում էին իրենից իր սիրելիին։ Ինչպիսին պիտի լիներ ուրեմն իր սարսափը, երբ մի օր նրան հայտնի դարձավ, նույնիսկ իր ջահել կնոջը դիմանկարելու նկարչի ցանկությունը։ Բայց նա խոնարհ ու հնազանդ կին էր և երկար շաբաթներ նստեց բարձր աշտարակներից մեկի մութ մի սենյակում, ուր գունատ կտավը լուսավորվում էր միայն վերևից ծորացող դալուկ լույսով։ Նկարիչն անզուսպ էր ու քմահաճ և բոլորովին հափշտակված էր իր գործով, որը երկար ժամեր ու օրեր էր տևում։ Ստեղծագործ մոլությամբ տարված, նա չէր ուզում տեսնել, որ մենավոր աշտարակի դժգույն լույսը հյուծում է իր կնոջ մարմինն ու հոգին, և բոլորն էին դրա վկան, բացի նկարչից։ Իսկ նրա կինը շարունակ ժպտում էր և չէր տրտնջում, քանի որ զգում էր, որ նկարիչը (անդին լայն ճանաչում ունեցող) ինքնամոռաց հաճույք է ստանում իր գործից, պատկերելով իրեն այդքան սիրող, սակայն օրեցօր նվազող ու հանգչող էակին։ Եվ իրոք, նրանք, ովքեր տեսել էին կտավը, շշուկով էին խոսում այն ապշեցուցիչ նմանության մասին, որը, հաստատելով կատարման հմտությունը, միևնույն ժամանակ վկայում էր նկարչի անհուն սերը դեպի նա, ով նկարում արդարև պատկերված էր անօրինակ ներշնչանքով։ Սակայն հետո, երբ գործն