Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/43

Այս էջը հաստատված է

արդեն իր ավարտին էր մոտենում, ոչ ոք այլևս իրավունք չստացավ աշտարակ մտնել, իսկ նկարիչը, աշխատանքի մարմաջով բռնկված, սակավ էր հայացքը պոկում կտավից նույնիսկ իր կնոջը նայելու համար։ Նկարիչը չէր ուզում տեսնել, որ կտավին դրած իր երանգները նա խլում է դիմացը նստած էակի այտերից։ Վերջապես, շատ շաբաթներ անց, երբ վրձնի սոսկ մեկ հարված էր մնացել շուրթերին և մի նուրբ երանգ աչքի մոտ, տիկնոջ հոգին նորից, մոմի բոցի պես, մի պահ բռնկվեց։ Հենց այդ պահին էր, որ վրձինը քսվեց կտավին, վերջին երանգը գտավ իր տեղը, և նկարիչը, զմայլված իր գործով, մի պահ անշարժացավ կտավի առաջ։ Հետո նա հանկարծ գունատվեց, երերաց ու, բացականչելով՝ «Հիրավի սա ինքը կյանքն է», կտրուկ դարձավ սիրելիի կողմը — ՆԱ ՄԵՌԱԾ ԷՐ»։


ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ՆԱՄԱԿԸ
Nil sapientiae odiosius
acumine nimio[1].

18... թվականի աշնանային մրրկոտ մի երեկո, երբ արդեն բոլորովին մութ էր, ես, իմ բարեկամ Ս. Օգյուստ Դյուպենի փարիզյան Սեն Ժերմեն արվարձանի Դյունո փողոցի 33֊րդ տան չորրորդ հարկի գողտրիկ գրադարանում նստած, վայելում էի այն կրկնակի հաճույքը, որ սովորաբար ընծայում են մարդուն ծխամորճն ու մտամփոփությունը։ Առնվազն մեկ ժամ մենք ոչ մի բառ չէինք փոխանակել, և մեզ տեսնողը հավանաբար պիտի կարծեր, թե մեր ուշադրությունը բացառապես սևեռված էր սենյակը լցնող ծխի քուլաների վրա։ Մինչդեռ իմ միտքը զբաղված էր մինչ այդ մեր զրույցի նյութը հանդիսացած մի շարք իրադարձություններով՝ մասնավորապես Մորգ փողոցի գործով և Մարի Ռոժեի սպանության գաղտնիքով։ Այդ էր պատճառը, որ երբ դուռը բացվեց և ներս մտավ մեր հին ծանոթը՝ Փարիզի ոստիկանապետ մսյո Գ֊ն, ես դա մի ուշագրավ զուգադիպություն համարեցի։

  1. Իմաստության համար իմաստակությունից ավելի ատելի բան չկա (լատ.):