Մենք սրտանց ողջունեցինք նրան, քանի որ այդ մարդն իր բոլոր թերություններով հանդերձ զուրկ չէր նաև մի շարք զվարճալի հատկություններից. բացի այդ, մենք արդեն մի քանի ամիս է, ինչ նրան չէինք տեսել։ Մինչ այդ մենք մթության մեջ էինք նստած, և այժմ Դյուպենն իր տեղից վեր էր կացել, որպեսզի լույսը վառեր։ Բայց նա նորից նստեց, երբ Գ֊ն հայտնեց, որ եկել է մեզնից, ավելի շուտ, իմ բարեկամից հույժ կարևոր պետական մի գործի վերաբերյալ խորհուրդ խնդրելու նպատակով։ Նա ավելացրեց, որ այդ գործն իրեն արդեն բավական անախորժություն է պատճառել։
— Եթե մտածելու նյութ կա,— ասաց Դյուպենը, ձեռքը լապտերից ետ քաշելով,— ապա մթության մեջ մենք ավելի լավ արդյունքի կհասնենք։
— Էլի սկսվեցի՜ն ձեր քմահաճույքները,— ասաց ոստիկանապետը։ Նա այդպես էր կոչում իր հասկացողությունից դուրս մնացող ամեն բան և հիրավի ստիպված էր ապրել քմահաճույքների մի ամբողջ բազմության գրկում։
— Ինչ արած,— ասաց Դյուպենն ու հյուրին ծխամորճ մատուցելով, նրան մի փափուկ բազմոց առաջարկեց։
— Իսկ ի՞նչ գործով եք եկել,— հարցրեցի ես,— հուսով եմ, մի նոր սպանություն չէ։
— Ոչ, փա՜ռք աստծու, սպանության հետ ոչ մի կապ չունի։ Փաստորեն գործը չափից դուրս պարզ է, և մենք, անկասկած, ինքներս դրանից գլուխ կհանենք, պարզապես մտածեցի, որ դրա արտառոց մանրամասները, կարող են հետաքրքրել Դյուպենին։
— Պարզ և արտառոց,— ասաց Դյուպենը։
— Հը՜մ... Այո՛։ Ասենք, ոչ այնքան։ Բանն այն է, որ իր ապշեցուցիչ պարզությամբ հանդերձ այդ դեպքը մեզ բոլորիս փակուղու մեջ է գցել։
— Գուցե հենց այդ պարզությունն է ձեզ պարտության մատնել,— ասաց իմ ընկերը։
— Ի՜նչ եք դուրս տալիս,— ծիծաղեց ոստիկանապետը։
— Թերևս հանելուկի լուծումը չափից դարս հասարակ է եղել։
— Աստվա՛ծ իմ, ո՞վ է նման բան լսել։
— Չափից ավելի ակնհայտ։
— Հա՜, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛... Հո՜, հո՛, հո՛,—դղրդաց