Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/49

Այս էջը հաստատված է

— Իսկ ինչո՞ւ։

— Հաճախ որևէ իր թաքցնել ցանկացողը հանում է սեղանի կամ նման ուրիշ կահույքի վերևի մասը, և իրը պահելով ոտքի մեջ փորված փոսիկում, նորից ծածկում է կափարիչը։ Նույն հաջողությամբ կարելի է նաև օգտվել մահճակալների ոտքերից կամ սյուներից։

— Մի՞թե չի կարելի նման խոռոչները գտնել պարզապես թխկթխկացնելով։— Հարցրեցի ես։

— Բնավ, եթե դատարկ մնացած ծավալը լցված է բամբակով։ Բացի այդ, մենք ստիպված էինք անձայն աշխատել։

— Ամեն դեպքում դուք պարզապես չէիք կարող քանդած լինել տան ամբողջ կահույքը։ Վերջապես նամակից կարելի է շյուղի չափ բարակ մի ձողիկ ոլորել և թաքցնել, դե ասենք աթոռի հենակի մեջ։ Դուք հո չե՞ք մասնատել տան բոլոր աթոռները։

— Ամենևին, մենք ավելի խոհեմ բան արեցինք։ Հզոր մանրադիտակի միջոցով մենք զննեցինք ամբողջ կահույքի հենակները, ձողերը, ճաղերը և բոլոր հնարավոր միացումները։ Եթե միջամտության թարմ հետքեր լինեին, մենք անպայման դրանք կնկատեինք։ Շաղափի փոշեհատիկը խնձորի չափ մեծ կերևար։ Սոսնձի ցանկացած ճաք, կցման ամեն մի անճշտություն իսկույն կգրավեին մեր ուշադրությունը։

— Դուք, իհարկե, չմոռացաք ստուգել հայելիների ապակու և հենքի միջև եղած տարածությունը, ինչպես նաև անկողինը, վարագույրներն ու գորգերը։

— Ինքնըստինքյան։ Կահույքը ստուգելուց հետո մենք դիմեցինք տանը։

Մասերի բաժանեցինք և համարակալեցինք շենքի ամբողջ մակերեսը, որպեսզի ոչ մի մատնաչափ բաց չթողնենք։ Հետո առաջվա պես մանրադիտակով զննեցինք ամբողջ տունը և երկու հարևան շենքերը։

— Հարևան շենքե՞րը,— բացականչեցի ես,— դուք պետք է որ մի լավ չարչարված լինեք։

— Այո, բայց մի մոռացեք, որ նամակի համար առասպելական մի գումար է խոստացված։

— Իսկ ստուգե՞լ եք արդյոք շենքերի բակերը։

— Բակերը սալապատված էին և մեծ դժվարություն չներկայացրեցին։ Մենք պարզապես ուսումնասիրեցինք սալերի միջև եղած մամուռը և տեսանք, որ դրանց ոչ ոք ձեռք չէր տվել։