Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/50

Այս էջը հաստատված է

— Դուք, իհարկե, խուզարկեցիք նաև Դ֊ի թղթերն ու գրքե՞րը։

— Մենք քրքրեցինք բոլոր ծրարներն ու թղթապանակները։ Գրադարանի բոլոր գրքերը ոչ միայն պարզապես թափ տվեցինք, ինչպես որոշ ոստիկաններ են անում, այլ էջ առ էջ թերթեցինք։ Նաև մանրադիտակով զննեցինք և խնամքով չափեցինք բոլոր կազմերի հաստությունը։ Եթե կազմերը բացված լինեին, մենք անմիջապես դա կնկատեինք։ Այն հինգ վեց գրքերը, որոնք նոր էին բերվել կազմատնից, մենք երկայնակի զգույշ տնտղեցինք բարակ ասեղներով։

— Երևի ուսումնասիրեցիք նաև գորգերի տակի հատա՞կը։

— Անկասկած, բոլոր գորգերը բարձրացրինք ու մանրադիտակով զննեցինք ամեն մի տախտակ։

— Պաստառնե՞րը։

— Այո։

— Նկո՞ւղը։

— Նույնպես։

— Ուրեմն,— ասացի ես,— դուք ինչ֊որ տեղ վրիպել եք, և նամակը պարզապես տանը չէ։

— Վախենամ դուք ճիշտ եք,— ասաց ոստիկանապետը,— ի՞նչ կասեք, Դյուպեն։

— Կասեմ, որ պետք է մի լավ խուզարկել տունը։

— Դա բացարձակապես անիմաստ է, Դյուպեն,— վրդովվեց Գ֊ն,— ես գլուխս կտրել կտամ, եթե նամակը տանը լինի։

— Դրանից լավ խորհուրդ չունեմ,— ասաց Դյուպենը,— դուք, իհարկե, կարո՞ղ եք հանգամանորեն նկարագրել նամակը։

— Այո, իհարկե,— ասաց ոստիկանապետը և, գրպանից հանելով իր ծոցատետրը, բարձրաձայն կարդաց փաստաթղթի ներսի և մանավանդ դրսի կողմի մանրամասն նկարագրությունը։ Որոշ ժամանակ անց նա մեզ հրաժեշտ տվեց և ծայրաստիճան ճնշված տեսքով հեռացավ։

Մոտ մեկ ամիս անց նա եկավ նորից և մեզ գտավ համարյա այն նույն դիրքում, ինչ և անցած անգամ։ Նա նստեց, ծխամորճ վերցրեց ու ինչ֊որ դատարկ խոսակցություն բացեց։ Վերջապես ես հարցրեցի.

— Շատ լավ, Գ, իսկ ի՞նչ եղավ առևանգված նամակը։ Դուք երևի արդեն համակերպվել եք այն մտքի հետ, որ նախարարը ձեզնից խորամանկ դուրս եկավ։