Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/51

Այս էջը հաստատված է

— Այո, գրողը տանի... Դյուպենի խորհրդի համաձայն ես նորից խուզարկեցի ամբողջ տունը, բայց ապարդյուն։ Ասենք, ես ուրիշ բան չէի էլ սպասում։

— Իսկ ինչքա՞ն էր, ասում եք, խոստացված պարգևը,— հարցրեց Դյուպենը։

— Դե, ինչ ասեմ, բավական մեծ պարգև է, կարելի է ասել, շռայլ պարգև է։ Ճիշտն ասած, ես չէի ուզի նշել ստույգ գումարը, բայց կարող եմ ասել, որ պատրաստ եմ անձամբ հիսուն հազարի մուրհակ տալ նրան, ով կգտնի այդ նամակը։ Բանն այն է, որ նամակի կարևորությունն օրեցօր աճում է, և պարգևը վերջերս կրկնապատկված է։ Բայց եթե այն նույնիսկ եռապատկվեր, ես միևնույն է ուրիշ ոչինչ չէի կարողանա անել։

— Չէ, ինչո՞ւ,— ծոր տվեց Դյուպենը, ծխամորճը փսփստացնելով,— ես կարծում եմ... որ դուք դեռ չեք սպառել... ձեր բոլոր հնարավորությունները։ Դուք կարող էիք... ավելի՞ն անել, հը՞...

— Բայց ինչպե՞ս, ինչպե՞ս։

— Դեե՜, փըֆ, փըֆ, կարելի է, օրինա՜կ... փըֆ, փըֆ, որևէ մեկից խորհո՜ւրդ խնդրել, փըֆ, փըֆ, փըֆ... Չե՞ք հիշում Աբերնեթիիi պատմությունը։

— Գրո՛ղը տանի Աբերնեթիին։

— Իհա՜րկե, իհա՜րկե, թող տանի։ Միայն թե ժամանակին մի ժլատ մեծահարուստ ցանկացավ նրանից բուժման ձրի խորհուրդ ստանալ։ Սովորական մի խոսակցության ընթացքում նա դիմեց բժշկին և, ինքն իրեն երրորդ դեմքով նկարագրելով, հարցրեց. «Ենթադրենք, թե մեկն այսինչ ու այսինչ ախտանշաններն ունի, ի՞նչ խորհուրդ կտայիք նրան»։ «Ինչ խորհո՞ւրդ,— պատասխանեց Աբերնեթին,— դե, իհարկե, թող բժշկի դիմի»։

— Բայց,— ասաց մի քիչ շփոթված ոստիկանապետը,— ես ոչ միայն ցանկանում եմ խորհուրդ ստանալ, այլև պատրաստ եմ իսկույնևեթ հիսուն հազար ֆրանկի մուրհակ ստորագրել, եթե գտնվի մեկը, որն ինձ օգնի։

— Այդ դեպքում,— պատասխանեց Դյուպենը, սեղանի դարակից հանելով պարտաթուղթը,— բարի եղեք ստորագրել նշված գումարի մուրհակը և ես իսկույն նամակը կհանձնեմ ձեզ։

Ես ապշեցի։ Ոստիկանապետն ասես շանթահար լիներ։ Նա քարացավ իր տեղում՝ բերանը բաց նայելով Դյուպենին։ Մի