Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/52

Այս էջը հաստատված է

րոպեից նա կարծես թե ուշքի եկավ, նետվեց դեպի սեղանը և, բազմիցս ընդհատելով ու դատարկ հայացքներ նետելով, հիսուն հազար ֆրանկի մուրհակը ստորագրեց ու պարզեց Դյուպենին։ Վերջինս ուշադիր զննեց թուղթը և այն դրեց իր դրամապանակը, այնուհետև բացեց escritoire[1]֊ը, վերցրեց այնտեղից նամակը և հանձնեց ոստիկանապետին։ Վերջինս կատարյալ ցնծությամբ ճանկեց նամակը, դողացող մատներով բաց արեց, արագ կարդաց, ապա նետվեց դեպի դուռն ու տնից դուրս թռավ, մուրհակը ստորագրելուց ի վեր այդպես էլ ոչինչ չասելով։

Երբ նա հեռացավ, Դյուպենը սկսեց բացատրություններ տալ.

— Փարիզյան ոստիկանությունը,— ասաց նա,— յուրովի բավական ձեռներեց կազմակերպություն է։ Նրանք համառ են, հնարամիտ ու խորամանկ և կատարելապես տիրապետում են այն բոլոր հնարքներին, որոնք գործի բերումով պարտավոր են կիրառել։ Այնպես որ, երբ Գ֊ն նկարագրեց Դ֊ի տանն իր անցկացրած խուզարկությունը, ես իսկույն համոզվեցի, որ իր ուժերի ներածին չափով նա արել է ամեն հնարավոր բան։

— Ուժերի ներածին չափո՞վ։

— Այո, պատասխանեց Դյուպենը,— նրա ձեռնարկած միջոցները ոչ միայն լավագույնն են իրենց տեսակի մեջ, այլև կենսագործված են նախանձելի բծախնդրությամբ, և, եթե նամակը լիներ այդ պարոնների անցկացրած խուզարկության ոլորտում, ապա այն անպայման կգտնվեր։

Ես ծիծաղեցի, բայց Դյուպենը կարծես թե չէր կատակում։

— Այո, այդ միջոցները յուրովի անգերազանցելի էին, կատարումն էլ ավելի լավն էր, բայց դրանց հիմնական թերությունն այն էր, որ դրանք կիրառելի չէին տվյալ դեպքի և մարդու նկատմամբ։ Մեր ոստիկանապետը մշակել է խորամանկ հնարքների մի ամբողջ համակարգ, Պրոկրուստի մահճի պես մի բան, ըստ որի նա ամեն անգամ շտկում է իր բոլոր ծրագրերը։ Այսուհանդերձ նա միշտ վրիպում է, որովհետև հաճախ տվյալ դեպքի համար չափից ավելի, կամ էլ, ընդհակառակն, անբավարար խորն է փորում, այնպես որ, ցանկացած երեխա իրենից լավ գլուխ կհաներ։ Ես մի ութ տարեկան տղա գիտեի, որը բոլորին

  1. Գրենական պիտույքների պահոց (ֆր.)։