Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/53

Այս էջը հաստատված է

հիացնում էր «փուլ տռուզ» խաղի մեջ ունեցած իր զարմանալի հաջողությամբ։ Այդ հասարակ խաղը կայանում է նրանում, որ խաղացողներից մեկը պիտի գուշակի, թե մյուսի սեղմված ափում մի որևէ առարկա, սովորաբար քար, կա թե ոչ։ Իմ ասած տղան հաղթել էր դպրոցի բոլոր մնացած սաներին։ Նա, իհարկե, ղեկավարվում էր որոշակի սկզբունքով, որի իմաստը կայանում էր հակառակորդի խելացիությունը ճիշտ գնահատելու մեջ։ Օրինակ՝ եթե միամիտ խաղացողը ձեռքում քար էր պահում, իսկ մեր տղան ասում էր «փուչ», ապա հաջորդ անգամ նա արդեն հաղթում էր։ Նա մտածում էր. «Միամիտը կխորամանկի և այս անգամ քար չի պահի, ուրեմն ես նորից «փուչ» կասեմ»։ Պակաս միամիտ հակառակորդի դեպքում տղան կմտածեր. «Քանի որ առաջին անգամ ես «փուչ» ասացի, հիմա նա նախորդի պես կուզի քար չպահել, բայց հետո կորոշի, որ դա չափից դուրս պարզ է և վերջիվերջո ոչինչ չի փոխի։ Այնպես որ, ես կասեմ, որ քար չկա»։ Տղան «փուչ» էր ասում ու նորից հաղթում էր, և այսպիսով ձեռք բերեց «բախտավոր» մականունը։ Ի՞նչ կասեք նրա մեթոդի մասին։

— Դա պարզապես սեփական բանականության կատարյալ նույնացումն է հակառակորդի բանականության հետ,— պատասխանեցի ես։

— Անկասկած,— ասաց Դյուպենը,— երբ այդ տղային հարցրի, թե ինչպես է նա հասնում իր հաջողությունը պայմանավորող այդ լիակատար նույնացմանը, նա պատասխանեց. «Երբ ես ուզում եմ պարզել, թե որքան խելոք, հիմար, բարի կամ չար է իմ խաղակիցը, և թե ինչ է նա մտածում, ես իմ դեմքին աշխատում եմ ճիշտ նրա նման արտահայտություն տալ և հետևում եմ, թե ինչ մտքեր ու զգացումներ կառաջանան իմ մեջ»։ Այդ տղայի հասարակ սկզբունքն ընկած է այն ամբողջ կեղծ իմաստության հիմքում, որը դարեր շարունակ վերագրվել է Լարոշֆուկոյին, Լաբրույերին, Մաքիավելիին և Կամպանելային։

— Եթե ձեզ ճիշտ հասկացա,— ասացի ես,— ապա նույնացման հաջողությունը մեծապես կախված է դիմացինի բանականության ճշգրիտ գնահատումից։

— Գործնականորեն այո,— պատասխանեց Դյուպենը,— ոստիկանապետն ու իր գործակալներն անընդհատ սխալվում են նախ, որովհետև ընդունակ չեն իրենց նույնացնել հանցագործի