հավատում են «հեթանոսական հորինվածքներին» և նրանցից հետևություններ են անում ոչ թե թյուրիմացաբար, այլ ուղեղի մի անբացատրելի մթագնությամբ գերված։ Կարճ ասած, ես դեռ չեմ հանդիպել մի մաթեմատիկոսի, որին կարելի լիներ համընկնող արմատներից դուրս որևէ բան վստահել, և որը թաքուն չհավատար, որ x2+px֊ը միշտ և անխտիր հավասար է q֊ի։ Փորձնական կարգով կարող եք որևէ մաթեմատիկոսի ներկայությամբ ենթադրել, թե x2֊ի և px֊ի գումարը միշտ չէ, որ q֊ի է հավասար։ Բացատրեք նրան, թե ինչ նկատի ունեք, բայց և իսկույն ճողոպրեք, որովհետև նա, անկասկած, կփորձի ձեզ գետին տապալել։
Այդ պատկերն ինձ բավական զվարճացրեց, մինչդեռ Դյուպենը շարունակում էր.
— Ասածս այն է, որ եթե մինիստրը սոսկ մաթեմատիկոս լիներ, ապա ոստիկանապետն առիթ չէր ունենա ստորագրել մուրհակը։ Այնինչ ես գիտեի, որ նա նաև բանաստեղծ է, և համապատասխանորեն շտկել էի իմ ծրագրերը, հաշվի առնելով նաև նրան շրջապատող այլ հանգամանքները։ Բացի այդ, ես գիտեի, որ նա արքունիքի մարդ է և միաժամանակ նաև հանդուգն intriguanti[1] է։ Ես ենթադրեցի, որ այդպիսի մարդն, անկասկած, պիտի քաջատեղյակ լիներ ոստիկանական հետաքննության միջոցներին։ Նա չէր կարող չնախատեսել, և փորձը ցույց տվեց, որ նախատեսել էր փողոցում իր վրա կատարված հարձակումները։ Նա պետք է որ ակնկալած լիներ նաև տան գաղտնի խուզարկումները։ Ոստիկանապետին այդքան ուրախացրած նրա հաճախակի գիշերային բացակայությունները պարզապես խորամանկ հնարքներ էին, որոնք Գ֊ին պիտի հնարավորություն տային հավաստիանալ, թե նամակն իսկապես տանը չէ։ Ես նաև համոզված եմ, որ իմ քիչ առաջ շարադրած ոստիկանների գործողությունները վերլուծող դատողությունների շղթան անկասկած անցել է նաև նրա մտքով։ Դրա բնական հետևանքը պիտի լիներ ամեն տեսակի ավանդական թաքստոցների մերժումը։ Նա պետք է հասկանար, որ ասեղներով, շաղափներով ու մանրադիտակներով զինված ոստիկանների համար իր տան ամենից թաքուն անկյունն իսկ բաց պահարանից էլ մատչելի կլիներ։ Ես եզրակացրի, որ այս ամենի բերումով նա ուզած֊չուզած,
- ↑ Բանսարկու (ֆր.):