որպես միակ փրկության, պետք է դիմեր պարզությանը։ Դուք երևի հիշում եք, թե ինչպես էր հրճվում ոստիկանապետը, երբ ես ենթադրեցի, թե այս գաղտնիքը նրան չէր ենթարկվում, թերևս որովհետև չափից դուրս պարզ էր։
— Իհարկե,— հաստատեցի ես,— նա քիչ էր մնում ծիծաղից մեռներ։
— Նյութական աշխարհը,— շարունակեց Դյուպենը,— զարմանալի զուգահեռներ ունի հոգեկանի հետ, ահա թե ինչու է վավերական երանգ ստացել այն դրույթը, թե փոխաբերությունը կամ համեմատությունը, ցանկացած նկարագրություն զարդարելուց բացի, կարող է նաև ավելի համոզիչ դարձնել պատճառաբանությունը։ Օրինակ՝ vis intertiae[1] սկզբունքը հավանորեն տարածվում է ինչպես ֆիզիկայի, այնպես էլ մետաֆիզիկայի վրա։ Եթե առաջին դեպքում մենք ընդունում ենք, որ ծանր մարմինն ավելի դժվար է շարժել, քան թեթևը, և որ այդ դեպքում պահանջվող momentumi[2]֊ը համեմատական է այդ դժվարությանը, ապա նաև ակնհայտ է, որ հզոր բանականությունը, չնայած այն ավելի մեծ թափ ունի և ավելի նպատակասլաց ու արդյունավետ է, քան շարքայինը, բայց և այնպես պակաս դյուրաշարժ է, և նրա առաջին քայլերը բավական երկչոտ են ու դժկամ։ Ի դեպ, դուք չե՞ք նկատել, թե որ ցուցանակներն են փողոցում ավելի շատ ուշադրություն գրավում։
— Երբեք մտքովս չի անցել,— պատասխանեցի ես։
— Ես մի խաղ գիտեմ, որը սովորաբար խաղում են քարտեզի օգնությամբ։ Խաղացողներից մեկը բարձրաձայն կարդում է մի որևէ քաղաքի, գետի, պետության կամ կայսրության, կարճ ասած, խայտաբղետ քարտեզի ցանկացած անուններից մեկը, իսկ մյուսը պարտավոր է այն գտնել։ Սկսնակները, որպես օրենք, փորձում են խորամանկություն անել և ընտրում են ամենամանր տառատեսակով գրված անունները, մինչդեռ փորձված խաղացողը սովորաբար ընտրում է այնպիսիներր, որոնք մեծ֊մեծ տառերով ձգվում են քարտեզի մի ծայրից մյուսը։ Այդ անունները, ինչպես և փողոցի արտակարգ խոշոր տառերով գրված ցուցանակներն ու հայտագրերը, մեր ուշադրությունը չեն գրավում հենց այն պատճառով, որ չափից դուրս բացահայտ են։