Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/59

Այս էջը հաստատված է

Ֆիզիկական կուրությունն այս դեպքում նմանվում է հոգեկանին, որի շնորհիվ մեր գիտակցությունը չի տեսնում կամ թերագնահատում է այն, ինչ չափից դուրս պարզ կամ ակներև է։ Ոստիկանապետի հասկանալու համար այս նկատառումը թերևս սաստիկ պարզ և կամ, ընդհակառակը, խրթին է եղել։ Ինչևէ, նրա մտքով երբեք չի անցել, որ մինիստրը կարող էր ընդհանրապես չպահել նամակը, որպեսզի այն ավելի լավ թաքցներ ոմանց աչքերից։

Խորհելով Դ֊ի հանդուգն, փայլուն և սուր հնարամտության, և այն փաստի մասին, որ հանուն լավագույն արդյունավետության նամակը պետք է միշտ նրա ձեռքի տակ լիներ, ինչպես նաև մտաբերելով ոստիկանապետի խուզարկությունը, որը ցույց տվեց, որ նամակն այդ պատվարժան պարոնի որոնումների ոլորտում չէր, ես գնալով ավելի համոզվեցի, որ մինիստրը դիմել է այն թաքցնելու պարզ ու սրամիտ մի միջոցի՝ բնավ չի թաքցրել։

Հանգելով այդ եզրակացությանը՝ ես կանաչ ապակիներով մի ակնոց գնեցի և մի օր, իհարկե բոլորովին պատահմամբ, այցելեցի Դ֊ի տունը։ Մինիստրը տանը նստած ժամավաճառ էր անում, հորանջում և փորձում էր ինձ համոզել, որ ձանձրույթից չգիտի, թե ինչ անի։ Ես գիտեմ, որ աշխարհում նրանից ավելի եռանդուն մարդ չկա, բայց միայն այն դեպքում, երբ նրան ոչ ոք չի տեսնում։

Պարտքի տակ չմնալով՝ ես գանգատվեցի իմ թույլ տեսողությունից, դժգոհելով, որ ստիպված եմ ակնոց դնել, այնինչ դրա տակից սկսեցի ուշադիր զննել ամբողջ սենյակը, ձևացնելով, որ բացառապես զրույցով եմ տարված։

Ինձ հատկապես հետաքրքրեց Դ֊ի մեծ գրասեղանը, որի վրա ցաք ու ցրիվ ընկած էին բազմաթիվ թղթեր, նամակներ, գրքեր ու մի երկու երաժշտական գործիք։ Այդ ամենը բավական երկար ուսումնասիրելուց հետո ես գտա, որ սեղանի վրա ոչ մի կասկածելի բան չկա։

Վերջապես, մի անգամ էլ շուրջս նայելով, ես նկատեցի բուխարու տակից կեղտոտ, երկնագույն ժապավենով անփութորեն կախված մի ստվարաթղթե քարտաշարոց։ Շարոցը երեք թե չորս բաժին ուներ, որտեղ մի հինգ֊վեց այցետոմս և մի միայնակ նամակ կար։ Նամակը բավական ճմրթված էր, կեղտոտ և մեջտեղից պատռված, ասես մեկն այն ուզել էր պատռել ու դեն