Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/63

Այս էջը հաստատված է

գաղտնիքի։ Կցկտուր դրվագներով նրանք յուրացնում են բարու իմաստությունը, բայց ավելի շատ՝ չարիքի ստորին գիտությունը։ Ինչևէ, անղեկ ու անառագաստ, նրանք խրվում են «անճառելի լույսի» անհուն օվկիանոսը, որպեսզի, ինչպես նուբիացի բնախույզը, նորից agressi sunt mare tenebrarum, quid in eo esset exploraturi[1]։

Համարենք ուրեմն, որ ես խելագար եմ։ Համենայն դեպս, ես ընդունում եմ, որ իմ հոգին գտնվել է երկու որոշակի վիճակներում՝ պայծառ ու անվիճելի դատողականության, որը վերաբերում է կյանքիս առաջին շրջանին, և կասկածանքի ու ստվերի, որը հարում է ներկայիս, և իմ կյանքի երկրորդ մեծ փուլի հուշն է կազմում։ Այնպես որ, այն, ինչ կպատմեմ իմ վաղ օրերից, թող ձեզ մոտ կասկած չհարուցի. ավելի ուշ շրջանի պատմությանը հավատացեք այնքան, որքան հարկ գտնեք, կամ բնավ մի հավատացեք, իսկ եթե անկարող եք չհավատալ, ուրեմն լուծեք այդ հանելուկն ինչպես Էդիպ արքան։

Նա, ում ես սիրել էի ջահել օրերիս և ում մասին հիմա հանգիստ ու պարզ գրում եմ այս հուշերը, իմ հանգուցյալ մոր միակ քրոջ միակ դուստրն էր։ Էլեոնորա էր զարմուհուս անունը։ Արևադարձային արևի ներքո մենք, միշտ միասին, ապրում էինք Երփներանգ Ծաղիկների Հովտում։ Պատահական ճամփորդը երբեք չէր հասնում մեր հովտին, որովհետև այն ընկած էր հեռու֊հեռու լեռների գրկում, և նրա ամենից մտերմիկ անկյուններին չէին հասնում նույնիսկ արևի շողերը։ Ոչ մի կածան չէր անցնում այդ հովտով, և մեր երջանիկ կացարանին հասնելու համար պետք էր շատ ու շատ թավ անտառներ անցնել, տրորելով բյուրավոր ծաղիկների անուշ բույրը։ Այդպես, մենակ ու աշխարհից կտրված, ապրում էինք այդ հովտում ես, զարմուհիս և իր մայրը։

Լեռներից այն կողմն ընկած մռայլ երկրից դեպի մեզ էր հոսում մի խորը և նեղ գետ, որն իր հստակությամբ գերազանցում էր ամեն բան, բացի Էլեոնորայի աչքերից։ Գետն անձայն գալարվում էր հովտի միջով և կորչում ստվերոտ մի կիրճում, որը շատ ավելի մռայլ էր, քան ակունքինը։ Մենք այն «Լռության գետ» էինք կոչում, որովհետև նրա հոսքն ինչ֊որ ննջեցնող

  1. Մտնել խավարի ծովը, նրա պարունակությանը հետազոտելու համար (լատ.)։