Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/65

Այս էջը հաստատված է


ժայթքում էր կյանքը, և երկայնասրունք հրահավը, որին մենք երբեք չէինք տեսել, ուրիշ ուրախ և շքեղ թռչունների հետ բացել էր մեզ համար իր ալ թևերը։ Գետը լցվել էր արծաթե ու ոսկե ձկներով, իսկ նրա հունում ծնվել էր մի մրմունջ, որը աստիճանաբար բարձրանալով, վերածվեց չքնաղ մի մեղեդու, ավելի գեղեցիկ, քան Էոլյան քնարի երգը, որը աշխարհումս ամեն ինչից քաղցր է, բացի Էլեոնորայի ձայնից։ Նույնիսկ այն հսկա ամպը, որը մենք վաղուց նշմարել էինք Հեսպերիi մոտ, դուրս լողաց, և, օրեցօր իջնելով, թիկնեց լեռների ուսին, ոսկեզօծելով նրանց մինչ այդ մռայլ զանգվածը և ասես հավելրժ ներփակելով մեզ պերճության ու փառքի կախարդական զնդանում։

Էլեոնորան սերովբեի պես գեղեցիկ էր և պարզ էր ու անմեղ, ինչպես այն կարճ կյանքը, որը նա ապրեց ծաղիկների մեջ։ Նա չէր թաքցնում իր սիրտը կիզող կիրքը, և մենք, Երփներանգ Ծաղիկների Հովտում զբոսնելով, միասին խորացանք սիրո գաղտնիքների մեջ, զրուցելով վերջերս մեր շուրջը կատարված փոփոխությունների մասին։

Վերջապես մի օր, աչքերը թաց, խոսելով այն վերջին վշտալի փոփոխության մասին, որին ենթակա են բոլոր մարդիկ, նա այնուհետև չբաժանվեց այդ տխուր մտքից, նորից ու նորից անդրադառնալով նրան մեր զրույցներում, ինչպես որ Շիրազի երգիչն է իր գազելներում անընդհատ կրկնում նույն ազդեցիկ պատկերները։

Նա զգում էր, որ մահն արդեն կնքել էր իր ճակատը, որ, թիթեռնիկի պես, նա անսահման գեղեցիկ էր ստեղծված լոկ մեռնելու համար, բայց, ինչպես մի օր գետի մոտ նա աղջամուղջին ինձ խոստովանեց, գերեզմանի խավարը միայն մի բանով է սարսափեցնում իրեն։ Նրան վշտացնում էր այն միտքը, որ ես, թաղելով նրան Երփներանգ Ծաղիկների Հովտում, հավերժ կլքեմ մեր չքնաղ երկիրը, օտար ու առօրեական մի կնոջ նվիրելով իմ կրքոտ սերը, որն այժմ անբաժանորեն իրեն էր պատկանում։ Այդ լսելով՝ ես առանց հապաղելու ծնկի նետվեցի և, աստծուն ու Էլեոնորային դիմելով, երդվեցի, որ միշտ հավատարիմ կմնամ իր հիշատակին, երբեք իմ կյանքը չեմ կապի երկրածին կնոջ հետ և չեմ դավաճանի այն սուրբ սերը, որը նա ինձ ընծայել էր։ Ես վկայակոչեցի Տիեզերքի Մեծ Տիրակալին և Էլեոնորային, ում տեղն Էլիզիումի սրբերի մեջ է, ենթարկել ինձ զարհուրելի մի