Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/66

Այս էջը հաստատված է

պատժի (որն այստեղ չեմ էլ համարձակվում հիշատակել), եթե ես երբևէ ուրանամ իմ սիրո սուրբ ուխտը։ Այս խոսքերից Էլեոնորայի ջինջ աչքերն ավելի պայծառացան, նա հոգոց հանեց, ասես կրծքից մի ծանր բեռ թոթափելով, հետո դողաց ու լաց եղավ, բայց ընդունեց իմ երդումը (քանի որ սոսկ երեխա էր), և հանգիստ սրտով պատրաստվեց մահվան։ Մի քանի օր անց, հանդարտ ու անվրդով մեռնելիս, Էլեոնորան ասաց, որ հանուն այն ամենի, ինչ ես արեցի իր հոգու հանգստության համար, այդ հոգին մահից հետո հսկելու է ինձ, և, եթե դա հնարավոր լինի, կայցելի ինձ գիշերվա երազներում, իսկ եթե դրախտի հոգիներն անկարող են այդ անել, ապա հաճախ կավետի իր մասին իրիկնային զեփյուռի մեղմ շնչով, կամ կլցնի իմ շնչած օդը երկնային բուրվառների անմահական բույրով։ Այս խոսքերով Էլեոնորան բաժանվեց իր արդար կյանքից, սահման դնելով իմ գոյության առաջին փուլին։

Առայժմ իմ շարադրածը բոլորովին ստույգ է ու ճշմարիտ։ Սակայն, հատելով ժամանակի այն պատնեշը, որը նշանավորում է սիրելիիս մահը և իմ գոյության երկրորդ փուլը, ես զգում եմ, որ ուղեղս մթագնում է, և սկսում եմ կասկածի ենթարկել իմ պատմության շարունակությունը։ Ինչևէ, պիտի շարունակեմ. տարիները քարշ էին գալիս իրար ետևից, բայց ես չէի լքում Երփներանգ Ծաղիկների Հովիտը, որտեղ, արդեն երկրորդ անգամ, ամեն ինչ փոխվել էր։ Աստղաձև ծաղիկներն անհետացել ու այլևս չէին երևում, զմրուխտե գորգը խամրել էր, իսկ ասֆոդելներին փոխարինել էին մուգ, համարյա սև մանուշակները, որոնք ցողից ծանրացած միշտ անհանգիստ թրթռում էին։ Կյանքը լքել էր երբեմնի զվարթ կածանները, և չքնաղ հրահավը, իր հետ եկած ուրախ ու պայծառ թռչունների նման, թևերը ծալել ու թողել էր հովիտը։ Ոսկեզօծ ձկները ներքևի մռայլ կիրճով հեռացել էին հովտից ու այլևս չէին վերադառնում։ Գետի քնքուշ օրորը, որը գերազանցում էր Էոլյան քնարի ձայնը և աշխարհում ամեն ինչից քաղցր էր, բացի Էլեոնորայի ձայնից, աստիճանաբար մարել և իր տեղը զիջել էր երբեմնի անդորրին։ Նույնիսկ ահռելի ամպը տեղից պոկվել ու խավարի էր մատնել լեռները, կորչելով Հեսպերի մոտ և իր հետ տանելով Երփներանգ Ծաղիկների Հովտի բազմագույն պերճանքն ու փայլը։

Բայց Էլեոնորայի խոստումը չէր մոռացվել՝ ես լսում էի