Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/67

Այս էջը հաստատված է

երկնային բուրվառների սոսափյունը, զգում էի հովիտը պարուրած խունկի բույրը և, մեկ֊մեկ, երբ ծանր բաբախում էր մենակությունից նեղված սիրտս, զեփյուռն ինձ էր հասցնում հեռավոր, քնքուշ մի հոգոց։ Հաճախ գիշերային օդը լցվում էր անորոշ մրմունջներով, իսկ մի անգամ, ավա՜ղ, մի անգամ միայն, իմ մահանման քունն ընդհատվեց եթերային ու անիրական մի համբույրով։

Բայց իմ թափուր սիրտն այդ ամենով չէր հագենում։ Ես սեր էի տենչում, սեր, որը ժամանակին հորդում էր իմ կրծքից։ Հովիտը սկսել էր ճնշել ինձ Էլեոնորայի հետ կապված հուշերով, և ես ընդմիշտ լքեցի այն հանուն աշխարհի սին կյանքի ու բուռն վայելքների։

* * *

Ես հայտնվեցի անծանոթ մի քաղաքում, որտեղ ամեն ինչ ասես ստեղծված էր Երփներանգ Ծաղիկների Հովտի իմ քաղցր անուրջները ջնջելու համար։ Շքեղ արքունիքի պերճանքը, զենքի զրնգոցը, գեղեցկադեմ կանայք գերեցին ու արբեցրին ինձ։ Բայց ես դեռևս հավատարիմ էի իմ երդմանը, և գիշերվա լուռ ժամերին ինձ դեռ հասնում էին Էլեոնորայի ներկայությունը վկայող նշանները։ Հանկարծ ամեն ինչ վերջացավ՝ աչքերս մթնեցին, և ես մնացի մենակ, ինձ պաշարած նողկալի մտքերի ու սոսկալի գայթակղությունների հետ դեմ առ դեմ։ Հեռո՜ւ֊հեռվից, բոլորովին անծանոթ մի երկրից մեր ուրախ արքունիքը, որին ես ծառայում էի, ժամանել էր մի չքնաղ օրիորդ, որի անզուգական գեղեցկությունն իսկույն գերեց իմ դավաճան սիրտը։ Ինքնամոռաց սիրով տարված, ես, առանց տատանման, ծունկի իջա նրա առջև։ Կարո՞ղ էր արդյոք հովտի աղջնակի նկատմամբ տածած իմ զգացումը համեմատել այն տենդոտ կրքի, այն ցնծագին հափշտակվածության հետ, որով իմ ամբողջ հոգին բռնկվել էր աստվածային Էրմենգարդի հանդեպ։ Աննման էր հրեշտակ Էրմենգարդը, և այդ միտքն էլ տեղ չէր թողնում ուրիշների համար։ Կատարյալ էր երկնային Էրմենգարդը, և, սուզվելով նրա հուշարար աչքերի անդունդը, ես մտածում էի միայն նրանց և միայն նրա մասին։

Ես պսակվեցի, ես չվախեցա իմ անեծքից, և նրա դառնությունն ինձ չդիպավ։ Մեկ, միայն մեկ անգամ, գիշերը, պատուհանի