Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/68

Այս էջը հաստատված է

միջից, մի թույլ հառաչ լսվեց, և վաղուց մոռացված, բայց ինձ այնքան ծանոթ քաղցր ձայնը շշնջաց.

— Թող քունդ հանգի՜ստ լինի, քանզի Սիրո Ոգին իշխում է ամենուր և ամենից վեր, և, քո սիրտն Էրմենգարդին նվիրելով, դու ազատվում ես, թե ինչու, կիմանաս երկնքում, այն երդումից, որ տվել էիր Էլեոնորային։


ՃՈՃԱՆԱԿՆ ՈՒ ՀՈՐԸ

Impia tortorum longas hic turba furors

Sanguinis innocui, non satiata, aluit.
Sospite nunc patria, fracto nunc funeris antro,
Mors ubi dira fuit, vita salusque patent[1].
(Քառատող, որը հորինված է Փարիզի յակոբինյան ակումբի
տեղում կառուցվելիք շուկայի դարպասին գրելու համար)։


Ես մահու չափ հոգնել և ուժասպառ էի եղել այդ անվերջ հոգեվարքից։ Երբ ինձ վերջապես արձակեցին և թույլ տվեցին նստել, ես զգացի, որ գիտակցությունս արդեն լքում է ինձ։ Վերջին խոսքերը, որոնք ես լսեցի՝ իմ մահվան սոսկալի դատավճռի խոսքերն էին։ Հետո հավատաքննիչների ձայները ձուլվեցին հեռավոր, անորոշ մի աղմուկի մեջ։ Այդ աղմուկն իմ հոգում պտտման գաղափար առաջացրեց, թերևս որովհետև նման էր պտտվող ջրաղացքարերի ձայնին։ Քիչ անց ես այլևս ոչինչ չէի լսում։ Դրա փոխարեն ես տեսնում էի, և այն էլ ինչպիսի դաժան և չափազանցված պարզությամբ, իմ սևազգեստ դատավորների շուրթերը։ Դրանք սպիտակ էին, ավելի սպիտակ, քան այս թուղթը, որին վստահում եմ իմ պատմությունը, և անճոռնիության չափ բարակ՝ անխոցելի համառությունից ու մարդկային վշտերի հանդեպ ունեցած խոժոռ արհամարհանքից սեղմված։ Ես տեսնում էի, թե ինչպես էին այդ շուրթերից ծորում իմ բախտը որոշող խոսքերը և ինչպես էին նրանք գալարվում, արտաբերելով իմ մահվան վճիռը։ Ես տեսա, թե ինչպես նրանք

  1. Խոշտանգում էր մեզ չարագործների ոհմակը երկար

    Եվ անմեղների արյունը ծծում։
    Ազատ է հիմա հայրենիքը մեր, չարի բերդն ընկած

    Եվ, մահին հաղթած, բարիքն ու կյանքն են այստեղ թևածում (լատ.)։