Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/69

Այս էջը հաստատված է

արտասանեցին իմ անունը և ցնցվեցի, որովհետև ոչինչ չէի լսում։ Սարսափով լի այդ պահին ես նույնիսկ նկատեցի դահլիճի պատերը ծածկող վարագույրների թեթև, հազիվ նշմարելի ծփանքը։ Հետո իմ հայացքն ընկավ սեղանի վրա վառվող յոթ երկար մոմերին։ Սկզբում նրանք ինձ ողորմածության նշան թվացին, ինձ փրկելու կոչված սպիտակ ու հեզ հրեշտակներ։ Բայց հանկարծ սիրտս սկսեց խառնել, մարմինս, ասես գալվանական մարտկոցի դիպչելով, ջղաձգվեց, և այդ նույն հրեշտակները դարձան հրե գլուխներով անմիտ պատկերներ, որոնցից անիմաստ էր փրկություն աղերսելը։ Հենց այդ պահին էր, որ իմ ուղեղում գեղեցիկ մեղեդու պես հնչեց գերեզմանի քաղցր անդորրի գաղափարը։ Այդ միտքը հանդարտ ու մեղմորեն թափանցեց իմ հոգին և սպասում էր իր իմաստավորմանը, բայց երբ ես վերջապես լիովին գնահատեցի այն, դատավորների դեմքերը հանկարծ, ասես կախարդանքով, չքացան։ Երկար մոմերն անէացան, նրանց բոցը հանգավ, և ամեն ինչ ընկղմվեց թանձր խավարի մեջ։ Իմ բոլոր զգացմունքները, հոգուս սրընթաց հոսքի մեջ խեղված, գահավիժեցին սանդարամետի ու դժոխքի գիրկը։ Հետո լռություն և անդորր իջավ, և տիեզերական խավարը դուրս մղեց մնացած ամեն ինչ...

Ես ուշաթափվել էի, բայց գիտակցությունս լիովին չէի կորցրել։ Թե ինչ էր մնացել նրանից, ես չեմ փորձի ոչ բացատրել, ոչ էլ նկարագրել. բայց ինչ֊որ նշույլ մնացել էր։ Նույնիսկ ամենախորը քնի մեջ, զառանցելիս, ուշագնաց վիճակում անգամ ամեն ինչ չէ, որ կորչում է, այլապես անմահություն չէր լինի։ Նույնիսկ ամենախոր քնից արթնանալով, մենք պատռում ենք ինչ֊որ երազի երերուն ու բարակ ոստայնը։ Բայց մի վայրկյան անց (այնքան նուրբ էր այդ քողը) մենք արդեն չենք հիշում այդ երազը։ Ուշաթափվածի ուշքի գալն ընթանում է երկու փուլով՝ սկզբում վերականգնվում է հոգևոր կամ մտքի աշխարհը, հետո միայն՝ մարմնականը, այսինքն ֆիզիկական գոյությունը։ Եթե մեզ հաջողվեր երկրորդ փուլին հասնելով պահպանել նաև առաջինի հուշերը, ապա մենք պերճախոս վկայություն կստանայինք անդրաշխարհի խորհրդավոր անդունդի մասին։ Բայց ի՞նչ է իրենից ներկայացնում այդ անդունդը։ Եվ ինչպե՞ս իրարից տարբերել դրա և մահվան մութ ստվերները։ Եթե անհնար է կամովի ետ բերել առաջին փուլի պատկերները, ապա դրանք չե՞ն արդյոք, որ շատ ժամանակ անց չգիտես որտեղից երբեմն