Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/7

Այս էջը հաստատված է

նրանց դիմակավորի խելահեղ վարմունքը) դրանիկներից ոչ մեկը չհամարձակվեց դիպչել նրան, և նա, մինչ ամբոխը սարսափած ետ կքաշվեր, անարգել անցավ իշխանի կողքով ու նույն իր ծանրակշիռ քայլերով կապույտ դահլիճի միջով դիմեց դեպի ծիրանագույնը, ծիրանագույնից կանաչը, այնտեղից անցավ նարնջագույնը, հետո սպիտակը և վերջապես՝ մանուշակագույնը: Ոչ ոք չհամարձակվեց արգելել նրա ընթացքը։ Այստեղ էր, որ իշխան Պրոսպերոն, ցասումից գլուխը կորցրած և իր րոպեական թուլությունից ամաչելով, մեն-մենակ նետվեց նրա ետևից, որովհետև մնացած բոլորը քարացել էին ահից։ Սաստիկ թափ առնելով, մերկացած դաշույնը ձեռքին, իշխանը քիչ էր մնացել հասներ դիմակին, երբ վերջինս, սև դահլիճի շեմին կտրուկ շուռ գալով, ճակատ առ ճակատ ելավ նրա դեմ։ Լսվեց մի սուր ճիչ, և դաշույնը, օդում փայլատակելով, ընկավ սև գորգին, որի վրա հաջորդ պահին արդեն փռված էր նաև իշխան Պրոսպերոյի անկենդան մարմինը։ Նույն վայրկյանին, վհատության մոլեգին ուժով մղված, դրանիկների գազազած բազմությունը խուժեց սև դահլիճ։ Կատաղի թափով նրանք հարձակվեցին հսկա ժամացույցի ստվերում անվրդով կանգնած դիմակի վրա ու… անասելի սարսափի հառաչանքով ետ մղվեցին՝ սմքած պատանքի ու մեռելի դիմակի տակ ոչինչ չկար։

Կարմիր մահվան ներկայությունն այլևս ոչ մի կասկած չէր հարուցում։ Նա եկավ գիշերով, գողեգող, ու խրախճանքի մասնակիցները մեկը մյուսի ետևից տապալվեցին արյունով ողողված դահլիճներում։ Ամեն ոք մեռավ իր ընկած դիրքում՝ վհատված ու անհույս։ Նրանցից վերջինի հետ իր շունչը փչեց թավշյա սև դահլիճի հսկա ժամացույցը։ Հետո մարեցին դղյակի միջանցքների աշտանակները ու Խավարը, Կործանումն ու Կարմիր Մահը վերջնականապես ու անվերապահորեն տիրեցին ամեն ինչին։