Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/71

Այս էջը հաստատված է

պարզեցի ձեռքս, և այն դիպավ ինչ֊որ խոնավ ու կոշտ բանի։ Ես որոշ ժամանակ ձեռքս ետ չքաշեցի և փորձեցի հասկանալ, թե որտեղ եմ և ինչ է պատահել ինձ հետ։ Ես ուզում էի, բայց չէի հանդգնում բացել աչքերս։ Ես չէի վախենում ինչ֊որ ահավոր բան տեսնելուց, ընդհակառակը, ինձ սարսափեցնում էր այն միտքը, որ շուրջս նայելով ես ոչինչ չեմ տեսնի։ Վերջապես, հույսս կորցրած, ես կտրուկ բացեցի աչքերս։ Իմ ամենից սոսկալի նախազգացումն արդարացավ՝ շուրջս հավերժական գիշեր էր և ուրիշ ոչինչ։ Ես շնչահեղձ էի լինում, խավարը ճնշում էր ինձ, օդը թանձր էր ու խեղդող։ Անշարժ պառկած, փորձում էի գործի դնել իմ դատողությունը։ Փորձում էի վերհիշել հավատաքննության օրենքներն ու կռահել, թե գլխիս ինչ փորձանք է եկել։ Դատավճիռը կայացված էր, դրանից հետո կարծես արդեն բավական ժամանակ էր անցել։ Ես, իհարկե, չէի կարծում, թե մեռած եմ։ Այդպիսի ենթադրություններ հնարավոր են միայն վեպերում և կապ չունեն իրականության հետ։ Բայց և այնպես դեռ չգիտեի, թե որտեղ և ինչ վիճակում եմ գտնվում։ Ես գիտեի, որ մահվան դատապարտվածներին սովորաբար autodafé[1] ֊ի էին ենթարկում՝ այդպիսի մի մահապատիժ կայացել էր հենց իմ դատի օրը։ Գուցե ինձ հետ էին բերել, որպեսզի պահեն մինչև հաջորդ, մի քանի ամիս հետո կայանալիք արարողությո՞ւնը։ Ես իսկույն մերժեցի այդ միտքը՝ հավատաքննության զոհերին սովորաբար տեղն ու տեղն էին այրում։ Բացի այդ, իմ նախկին խուցը, Տոլեդոյի բոլոր մահապարտների խցերի պես, քարե հատակ ուներ և քիչ թե շատ լուսավոր էր։

Մի նոր, սոսկալի միտք ծագեց իմ գլխում, որից սիրտս մի պահ կանգ առավ, և ես նորից ուշաթափվեցի։ Ուշքի գալով, իսկույն վեր ցատկեցի և սկսեցի խարխափել մթության մեջ։ Ես չէի համարձակվում թեկուզ մի քայլ անել, որովհետև վախենում էի, թե կբախվեմ դամբարանի պատերին։ Ես ոտքից գլուխ քրտնել էի, քրտինքի սառը կաթիլները պատել էին ճակատս։ Վերջապես լարումն անտանելի դարձավ, և ես, աչքերս չռած ու ձեռքերս պարզած, զգուշորեն առաջ շարժվեցի, գոնե աղոտ մի լույս նշմարելու հույսով։ Արդեն բավական առաջ էի անցել, բայց շուրջս առաջվա պես մութ էր ու դատարկ։ Սիրտս

  1. Հրկիզում (պորտ.):