մի քիչ թեթևացավ, պարզ էր, որ ես, համենայն դեպս, փրկված էի ամենից զարհուրելի պատժից։
Մինչ ես զգուշորեն առաջ էի ընթանում, միտքս հազար ու մի սարսափելի պատմություններ էին գալիս Տոլեդոյի զնդանների մասին։ Ես, իհարկե, առանձնապես չէի հավատում այդ առասպելներին, բայց մարդիկ դրանց մասին միշտ շշուկով էին խոսում։ Թերևս ես դատապարտված էի խավարի այս ստորերկրյա աշխարհում սովամահ լինելու։ Բացառված չէր նաև, որ ինձ ավելի սոսկալի բախտ էր վիճակված։ Լավ իմանալով իմ դատավորների վարք ու բարքը, ես չէի կասկածում, որ պիտի մեռնեմ, այն էլ ոչ սովորական ձևով։ Ե՞րբ և ինչպե՞ս, ահա թե ինչ էր մտահոգում ինձ։
Վերջապես ձեռքս դեմ առավ ինչ֊որ խոչընդոտի։ Դա, հավանաբար, քարե պատ էր՝ հարթ, սառը և լպրծուն։ Հիշելով իմ լսած որոշ պատմություններ, ես արտակարգ զգուշությամբ շարժվեցի պատի երկայնքով։ Շուտով հասկացա, որ նման ձևով հնարավոր չէ որոշել բանտախցի չափը, քանի որ ես հազիվ թե կարողանայի բոլորովին ողորկ պատի վրա գտնել այնտեղը, որտեղից սկսել էի շարժվել։ Ես հիշեցի, որ ինձ դատարան տանելու օրը գրպանումս մի դանակ կար, բայց այն չգտա, որովհետև հագուստս փոխել էին և ինձ կոպիտ կտավից կարված մի շապիկ էին հագցրել։ Ես մտադրվել էի դանակը խրել պատի մի որևէ ճեղքի մեջ և նշել այն տեղը, որտեղից պիտի շարժվեի։ Սկզբում այդ չնչին դժվարությունն ինձ անհաղթահարելի թվաց, բայց հետո իմ շապիկից մի նեղ շերտ պոկեցի և պատի տակ փռեցի հատակին։ Պատի երկայնքով խարխափելով, ես ուզած֊չուզած նորից պիտի հասնեի այդ լաթին։ Սակայն պարզվեց, որ ես հաշվի չէի առել իմ հյուծվածության աստիճանը և այն, որ խցի հատակը թաց էր ու լպրծուն։ Մի քանի քայլ անելուց հետո ես սայթաքեցի և ընկա, այլևս չբարձրացա և տեղն ու տեղը քնեցի։
Երբ արթնացա, կողքիս մի կտոր հաց ու մի կուժ ջուր կար դրված։ Ես չափից դուրս տկար էի, որպեսզի զարմանայի, և ագահորեն կուլ տվի հացն ու դատարկեցի կուժը։ Քիչ անց ես վերսկսեցի ճամփորդությունը և շուտով մեծ դժվարությամբ հասա իմ թողած լաթի կտորին։ Ընկնելուց առաջ ես հիսուներկու քայլ էի արել, իսկ մինչև լաթին հասնելը՝ ևս քառասունութ, այսինքն ընդամենը հարյուր։ Երկու քայլը մեկ յարդ հաշվելու դեպքում ստացվում էր, որ իմ խցի շրջագիծը հիսուն յարդ է։