Այն, ինչ ես քարե շարվածքի տեղ էի դրել, իրականում երկաթի կամ ուրիշ մի մետաղի հսկա թիթեղներ էին, և վերոհիշյալ անհարթություններն առաջացել էին դրանց միացման տեղում։ Մետաղե այդ պատերը ծածկված էին կղերականների սնապաշտ ու կոպիտ երևակայության ծնած գարշելի պատկերներով։ Այլանդակ կմախքները, սպառնալից դիրքեր ընդունած սատանաներն ու նույնիսկ ավելի զազրելի պատկերներն ամեն կողմից ինձ էին նայում։ Ըստ իս, այդ հրեշների ուրվագծերը բավական հստակ էին ու որոշակի, սակայն նրանց գույները խոնավությունից բորբոսնել էին ու խամրել։ Ես նաև տեսա, որ զնդանի հատակը քարից է, և այն հորը, որից ես հրաշքով փրկվել էի, գտնվում է կենտրոնում և բարեբախտաբար միակն է։
Ես մեծ դժվարությամբ էի տեսնում այս ամենը, որովհետև քնած ժամանակ մարմնիս դիրքը նկատելիորեն փոխվել էր։ Հիմա մեջքի վրա պառկած էի մի ցածր փայտե թախտի վրա, որին պինդ կապված էր գոտի հիշեցնող կաշվե երկար մի փոկով։ Այդ փոկը կաշկանդում էր իմ ամբողջ մարմինը, ազատ թողնելով միայն գլուխս և ձախ ձեռքս, որով ես մեծ դժվարությամբ կարող էի հասնել հատակին դրված ուտելիքի կավե ամանին։ Ես սարսափով նկատեցի, որ ջրի կուժն անհետացել է։ Ասում եմ սարսափով, որովհետև անտանելի ծարավ էի։ Երևի իմ կեղեքիչները նպատակ էին դրել ավելի բորբոքել իմ ծարավը, որովհետև ափսեի մեջ եղած միսը խիստ համեմված էր աղով ու պղպեղով։
Վեր նայելով, ես տեսա զնդանի առաստաղը։ Այն երեսուն կամ քառասուն ոտք բարձրություն ուներ և կառուցվածքով նմանվում էր պատերին։ Իմ ամբողջ ուշադրությունը գրավեց թիթեղներից մեկի վրայի արտասովոր պատկերը։ Դա ժամանակի նկարն էր, ինչպես այն սովորաբար պատկերում են, բայց գերանդու փոխարեն նրա ձեռքին մի բան կար, որն ինձ առաջին հայացքից հին ժամացույցների վրա կախված ճոճանակ հիշեցրեց։ Ես ուշադիր նայում էի այդ նկարին (որն ուղիղ իմ գլխավերևում էր), երբ ինձ հանկարծ թվաց, թե ճոճանակը շարժվում է։ Հաջորդ պահին ես համոզվեցի, որ դա իսկապես այդպես է։ Նա շատ դանդաղ էր շարժվում և խիստ փոքր տատանումներ ուներ։ Մի որոշ ժամանակ ես, ավելի շատ զարմանքով, քան վախով, հետևում էի ճոճանակին։ Բայց նրա միապաղաղ շարժումն