Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/76

Այս էջը հաստատված է

ինձ վերջապես ձանձրացրեց և ես դարձա շրջապատիս մյուս առարկաներին։

Մի թույլ աղմուկ գրավեց իմ ուշադրությունը։ Հատակին նայելով, ես տեսա հորից դուրս սողացող հսկայական առնետներին։ Մսի հոտից խենթացած, նրանք իրար հրմշտելով մագլցում էին վեր, ագահ հայացքները հառած կողքիս պնակին։ Ինձ մեծ դժվարությամբ էր հաջողվում նրանց ետ քշել։

Արդեն կես, կամ գուցե մի ամբողջ ժամ էր անցել (ստույգ ժամանակը հնարավոր չէր որոշել), երբ նորից նայեցի առաստաղին։ Այն, ինչ ես տեսա, ապշեցրեց ու ահաբեկեց ինձ։ Ճոճանակի տատանման թափն ավելացել և հասել էր մեկ յարդի։ Բնական է, որ աճել էր նաև նրա շարժման արագությունը։ Սակայն ինձ հատկապես անհանգստացրեց այն փաստը, որ ճոճանակը զգալի չափով իջել էր։ Կարիք կա՞ ասելու, թե ինչպիսի սարսափ պատեց ինձ, երբ ես համոզվեցի, որ ճոճանակի ներքևի մասը պողպատե փայլուն և ածելու պես սուր մի մահիկ էր, որը ծայրից ծայր մոտ մեկ ոտք երկարություն ուներ։ Նրա ներքևի ուռուցիկ սուր շեղբը քանի գնում, այնքան ավելի հաստանում ու ծանրանում էր։ Ահավոր այդ սարքը կախված էր պղնձե ծանր մի ձողից և սարսռազդու ֆշշոցով տարուբերվում էր գլխիս վերևում։

Հիմա արդեն պարզ էր, թե ինչ վախճան էր ծրագրել ինձ համար կրոնականների դաժան հնարամտությունը։ Քննիչները տեսել էին, որ ես գտել եմ հորը, այն հորը, որը նախատեսված էր ինձ նման հանդուգն ըմբոստների համար, հորը, որը դժոխքի պատճենն էր, բոլոր սոսկալի պատիժների Ultima Thule-ն[1]։ Ես միայն պատահմամբ էի փրկվել հորից և գիտեի, որ այս զնդանների խոշտանգման հիմնական պայմանը հանկարծակի ու անսպասելի լինելն է։ Քանի որ ես ինքս չէի ընկել հորը, ապա ինձ ուժով այնտեղ նետելը նրանց ծրագրի մեջ չէր մտնում, և այժմ ինձ մի ուրիշ, ավելի մեղմ պատիժ էր սպասում։ Մե՜ղմ։ Ես նույնիսկ քմծիծաղ տվեցի, նման հանգամանքներում գործածելով այդ բառը։ Հարկ կա՞ արդյոք նկարագրել անմարդկային սարսափով լի այն երկար ժամերը, երբ ես, ահից կծկված, հաշվում էի գլխավերևումս սուրացող պողպատի սրընթաց փայլատակումները։

  1. Ծայրագույն սահմանը (լատ.)։