Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/8

Այս էջը հաստատված է
ՍՊԱՆՈԻԹՅՈԻՆՆԵՐ ՄՈՐԳ ՓՈՂՈՑՈՒՄ
Թվում է, թե չկա ավելի առեղծվածային

հարց, քան այն, թե ինչ երգ էին երգում ջրահարսերը,
և կամ ինչ անվան տակ էր կանանց
մեջ թաքնվել Աքիլլեսը՝ և այնուհանդերձ
այդ հարցերը բոլորովին անլուծելի չեն։

Սըր Թոմաս Բրաուն


Մտքի այսպես կոչված վերլուծական կարողություններն ինքնին վերլուծության համարյա թե չեն ենթարկվում։ Մենք այդ կարողությունները գնահատում ենք միայն ըստ նրանց արդյունքի։ Հայտնի է նաև, որ վերլուծական արտակարգ ընդունակությունների տեր մարդիկ խորին բավականություն են ստանում իրենց այդ շնորհից։ Նման այն մարզիկին, որը զմայլվում է իր մկանների վարժությամբ, վերլուծող մարդն անկեղծորեն վայելում է որևէ բան պարզելու կամ լուսաբանելու ամեն մի հնարավորություն։ Նա առիթը բաց չի թողնում զբաղվելու ցանկացած, նույնիսկ ամենաչնչին գործով, որը կարող է ի հայտ բերել իր օժտվածությունը։ Նա շատ է սիրում տարբեր հանելուկներ, առեղծվածներ ու գաղտնագրեր լուծել, դրսևորելով մտքի այնպիսի սրություն, որը բանից անտեղյակ մարդուն գրեթե գերբնական է թվում։ Այն արդյունքները, որոնց նա այդպիսով հասնում է, հիրավի ներհայեցողության կատարյալ օրինակներ են թվում, թեև միշտ հիմնված են սթափ մեթոդի էության ու ոգու վրա։

Ցանկացած հարց լուծելու այդ կարողությանը մեծապես նպաստում է մաթեմատիկայով, և մանավանդ նրա այն բարձրագույն ճյուղով զբաղվելը, որն իր գործողությունների հետադարձ բնույթի շնորհիվ, թերևս par excellence[1] կոչվում է անալիզ։ Ընդ որում, հաշվարկել դեռ բնավ չի նշանակում վերլուծել։ Շախմատ խաղացողն օրինակ ավելի շուտ հաշվում է, քան վերլուծում, և հարկ է նշել, որ այդ խաղի, որպես մտածելակերպը զարգացնող զբաղմունքի, վայելած համբավը սոսկ թյուրիմացություն է։ Ի դեպ ասեմ, որ ես այստեղ բնավ քննախոսություն չեմ սկսում, այլ պարզապես փորձում եմ իմ հատուկենտ դիտարկումներով

  1. Առավելապես (ֆր.): Տողատակի բոլոր ծանոթագրությունները թարգմանչինն են։