Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/82

Այս էջը հաստատված է

առնետ ցատկեցին թախտի վրա և սկսեցին հոտոտել ինձ կապող գոտին։ Մյուսներն ասես ազդանշանի էին սպասում՝ առնետների նորանոր հրոսակներ իսկույն դուրս թռան հորից և նետվեցին դեպի թախտը։ Նրանք կառչում էին տախտակներից, մագլցում վեր ու հարյուրներով խլվրտում ինձ վրա։ Ճոճանակի համաչափ շարժումը նրանց ամենևին չէր անհանգստացնում։ Նրանք ճարպկորեն խույս էին տալիս մահիկի հարվածներից, շարունակելով կրծել գոտու յուղոտ մասերը։ Հարաճուն խմբերով նրանք վխտում էին մարմնովս մեկ, գալարվում կոկորդիս մոտ, սառը շուրթերով դիպչում բերանիս, ճնշում կուրծքս։ Սիրտս խառնում էր սառը, մածուցիկ գարշանքից, որի համար այս աշխարհում անուն չկա։ Բայց ես զգում էի, որ մի վայրկյան անց ամեն ինչ կվերջանա։ Գոտին թուլացել էր, դա նշանակում էր, որ այն մի երկու տեղ արդեն պոկված էր։ Անմարդկային ճիգով ես ինձ ստիպում էի անշարժ մնալ։

Վերջապես իմ ջանքերը վարձատրվեցին՝ համբերությունս զուր չկորավ։ Ես հասկացա, որ արդեն ազատ եմ։ Կաշվե գոտին ծվեն-ծվեն կախված էր մարմնիցս, բայց ճոճանակն արդեն համարյա կրծքիս էր քսվում։ Շապիկիս կտավը պատռվել էր, պատռվել էր նաև ներքնաշորը, ևս երկու հարված, և ես քիչ էր մնում ցավից ոռնայի։ Ձեռքի մի շարժումից իմ փրկիչներն անկանոն փախուստի մատնվեցին և ես, զգույշ ու սահուն, կողքի վրա դուրս սողացի կապանքներիս գրկից։ Հիմա ես, համենայն դեպս առայժմ, ազատ էի։

Ազա՜տ— և հավատաքննության ճանկում։ Հազիվ էի սարսափի այդ մահճից ոտքս իջեցրել գետնին, երբ դժոխային մեքենան կանգ առավ, և անտեսանելի մի ուժ նրան առաստաղից ներս ձգեց։ Այդ դաժան դասը հուսահատությամբ լցրեց սիրտս։ Իմ ամեն շարժմանն անկասկած հետևում էին։ Ես խուսափել էի մի մահից հանուն մեկ ուրիշի, ավելի սոսկալիի, քան մահն ինքը։ Այդ միտքն ինձ ստիպեց անհանգստությամբ զննել զնդանի երկաթե պատերը։ Սենյակի տեսքն, անկասկած, փոխվել էր ու արտասովոր դարձել, սակայն առաջին պահին ես չէի ըմբռնել այդ փոփոխության էությունը։ Մի քանի վայրկյան ես անկապ ու ունայն ենթադրություններ էի անում, բայց ոչ մի արդյունքի չհասա։ Վերջապես հասկացա, թե որտեղից է գալիս զնդանը ողողող խորհրդավոր լույսը։ Այն ծորում էր մոտ կես մատնաչափ լայնությամբ մի ճեղքից, որը ձգվում էր զնդանի