Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/83

Այս էջը հաստատված է

շրջագծով մեկ և, փաստորեն, պատերն անջատում հատակից: Ես փորձեցի այդ ճեղքից դուրս նայել, բայց, հասկանալի է, ոչինչ չտեսա։

Երբ մեջքս շտկեցի, սենյակի խորհրդավոր փոփոխությունն իսկույն հասկանալի դարձավ ինձ համար։ Ես արդեն ասել էի, որ չնայած բավական հստակ ուրվագծերին, զնդանի որմնանկարներն անորոշ ու խամրած գույներ ունեին։ Հիմա այդ գույները պայծառացել էին և գնալով ավելի սոսկալի փայլ էին ստանում։ Դժոխային այդ պատկերներն այնքան սարսռազդեցիկ ու ահարկու էին դարձել, որ նույնիսկ ինձնից անվրդով մարդը չէր դիմանա այդ տեսարանին։ Հազարավոր դիվային աչքեր բոլոր կողմերից, նույնիսկ այնտեղից, ուր առաջ ոչինչ չէր երևում, սպառնում էին ինձ ահարկու բոցեղեն մի փայլով, որն իմ երևակայությունն անկարող էր անիրական համարել։

Անիրակա՜ն... շիկացած երկաթի ավելի քան իրական շունչն արդեն այրում էր դեմքս։ Ամբողջ զնդանը լցվել էր հեղձուցիչ գոլորշիներով։ Իմ տառապանքներին հետևող դևերի աչքերն ամեն վայրկյան ավելի ու ավելի վառվռուն ու արյունարբու էին դառնում, նրանց արնոտ կերպարանքները սոսկալի բոսորագույն երանգ էին ստացել։ Ես խեղդվում էի, շնչակտուր էի լինում։ Ահա թե ինչ ոճիր էին նյութել իմ դահիճները, դժոխքի այդ դաժան վիժվածքները։ Ես ետ նետվեցի դեպի զնդանի կենտրոնը։ Շիկացած պատերի հարևանությամբ հորի խոնավությունը բալասանի պես հովացնում էր սիրտս։ Ես ծունկի իջա նրա մահաբեր պռունկի մոտ և ագահորեն ներս նայեցի։ Բոցավառվող առաստաղի փայլը լուսավորել էր ամբողջ հորը, և այնուհանդերձ առաջին պահին իմ հոգին մերժում էր ընկալել այն, ինչ ես տեսա... Քիչ անց տեսածիս ահավոր իմաստը վերջապես հասավ, ներխուժեց, դաջվեց իմ սահմռկող գիտակցության մեջ։ Աստվա՜ծ իմ, լեզուս չի զորում նկարագրել տեսածս... Ի՜նչ գարշելի, հրեշավո՜ր բախտ... Ես սուր ճիչով ետ մղվեցի հորից, և, դեմքս ձեռքերիս մեջ թաղելով, աղեկտուր լաց եղա։

Շոգը քանի գնում սաստկանում էր և ես, տենդից դողալով, նորից բացեցի աչքերս։ Մի նոր, այս անգամ ձևի փոփոխություն էր տեղի ունեցել զնդանում։ Ինչպես և անցած անգամ, սկզբում ես չհասկացա, թե ինչ է կատարվում։ Բայց իմ տարակուսանքը երկար չտևեց։ Երկրորդ անգամ խույս տալով պատժից, ես բորբոքել էի հավատաքննության վրեժխնդրությունը, և Մահվան