Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/84

Այս էջը հաստատված է

Արքան այլևս պահմտոցի չէր խաղում։ Ժամանակին զնդանը քառակուսի էր։ Այժմ երկաթե երկու անկյուն սրվել էին, իսկ մյուս երկուսը՝ համապատասխանաբար բթացել: Այդ սարսափելի փոփոխությունը շատ արագ էր կատարվում և ուղեկցվում էր սոսկալի ճռինչով ու որոտով։ Մի վայրկյանում քառակուսի զնդանը դարձավ շեղանկյուն, բայց փոփոխությունն այդ բանով չավարտվեց։ Ասենք, ես ոչ հույս ունեի, ոչ էլ ուզում էի, որ այն ավարտվեր: Ես արդեն պատրաստ էի հավերժական անդորրի կարմիր պատանքի պես կրծքիս սեղմել զնդանի շիկացած պատերը։ «Մա՜հ»— աղերսում էի ես,— «ի՜նչ մահ ուզում է լինի, միայն թե ոչ հորում»... Հիմա՜ր։ Ինչպես չէի հասկացել, որ շիկացած պատերի նպատակն ինձ հենց հորի մեջ գցելն էր: Ես ինչպե՞ս դիմանայի այդ դժոխային տապին, և եթե նույնիսկ դիմանայի, կարո՞ղ էի արդյոք դիմադրել պատերի սոսկալի ճնշմանը։ Ամեն վայրկյան շեղանկյունն ավելի ու ավելի էր սեղմվում, մտածելու ժամանակ չթողնելով։ Նրա կենտրոնը և, իհարկե, ամենից լայն մասը համընկնում է հենց հորի լայն բացված երախի հետ։ Ես հետ մղվեցի, բայց իրար ծալվող պատերն ինձ անգթորեն առաջ էին հրում։ Ի վերջո իմ խանձված ու ջղաձգվող մարմնի համար զնդանի հատակին մատնաչափ տեղ էլ չմնաց։ Այլևս չէի դիմադրում, իմ հոգեվարքը վերջապես լուծվեց մի երկա՜ր, բարձր ու հուսաբեկ ճիչով։ Ես երերացի, հայացքս ահով շուռ տվի և...

Մարդկային ձայների խառնաշփոթ աղմուկ լսվեց։ Մի տեղ, ասես միանգամից, բազում շեփորներ հնչեցին և հազա՜ր ամպրոպ դղրդաց։ Հրե պատերը նահանջեցին։ Ինչ-որ մեկը բռնեց իմ ձեռքը, երբ ես, գիտակցությունս կորցնելով, գահավիժում էի անդունդը։ Դա զորավար Լասալն էր: Ֆրանսիական բանակը գրավել էր Տոլեդոն։ Հավատաքննությունն ընկել էր իր թշնամիների ձեռքը։