Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/88

Այս էջը հաստատված է

խցանվել և հակակշիռները մնացել էին տեղում։ Փոթորկի հիմնական ուժն արդեն սպառվել էր և այն այլևս մեզ չէր սպառնում։ Ընդհակառակը, մենք սարսափով սպասում էինք այն պահին, երբ քամին պիտի բոլորովին դադարեր, քանի որ համոզված էինք, որ մեր խարխուլ նավը չէր դիմանա դրան հաջորդող մեռյալ ծփանքին։ Բայց մեր այդ արդարացի ենթադրությունը կարծես թե չէր իրականանալու։ Ամբողջ հինգ օր ու գիշեր, որոնց ընթացքում մեր միակ սնունդը քթամասում մեծ դժվարությամբ ճարած մի բուռ շաքարն էր, մեզ կալանավորած տաշտակը անհամրելի արագությամբ սլանում էր քամու իրար հաջորդող ուժեղ հարվածների տակ, որոնք չնայած զիջում էին սամումի առաջին վայրենի պոռթկումին, սակայն ավելի սոսկալի էին, քան իմ երբևէ տեսած որևէ փոթորիկ։ Առաջին չորս օրը, աննշան շեղումներով, քամին մեզ քշում էր հարավ−հարավ-արևելք, և մենք հավանորեն սլանում էինք Նոր Հոլանդիայի ափի երկայնքով։ Հինգերորդ օրը սաստիկ ցրտեց, և քամին փոխեց ուղղությունը։ Դեղին, հիվանդոտ փայլով արևը մի երկու աստիճան մագլցել էր հորիզոնից վեր, բայց իսկական լույս չէր արձակում։ Երկինքը մաքուր էր, և քամին փչում էր ավելի ու ավելի սաստկացող պոռթկումներով։ Կեսօրին մոտ, ինչքան որ հնարավոր էր դատել ժամանակի մասին, արևի տեսքը նորից գրավեց մեր ուշադրությունը։ Արևը ոչ թե լույս էր արձակում այդ բառի բուն իմաստով, այլ մութ ու դալուկ մի փայլ, որն ասես բևեռացած լինելով, արտացոլում չէր տալիս։ Մայրամուտից մի պահ առաջ, նախքան փքված ծովի գիրկն ընկղմվելը, արևի կենտրոնը հանկարծ մարեց, ասես անբացատրելի մի ուժով հանգցված, և անհատակ օվկիանոս սուզվեց ընդամենը մի արծաթավուն օղակ...

Մենք ապարդյուն էինք սպասում վեցերորդ օրվա գալստյանը՝ ինձ համար այդ օրը դեռ չի եկել, իսկ ծեր շվեդի համար այլևս երբեք չի գա... Չորս կողմը սաստիկ մութ էր և նավից նույնիսկ քսան քայլի վրա ոչինչ չէր երևում։ Մեզ պարուրել էր հավերժական գիշերը: Նույնիսկ ջրի ֆոսֆորային փայլը, որին մենք այնքան սովոր էինք արևադարձային գոտում, չէր մեղմացնում խավարը։ Մենք նկատեցինք, որ չնայած փոթորիկը մոլեգնում էր նախկին ուժով, բայց ալիքների տեսքը փոխվել էր, և մինչ այդ նրանց ուղեկցող փրփուրն այլևս չկար։ Շուրջը խավար ու սարսափ էր փռված՝ սև ու հեղձուցիչ մի անապատ: