Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/9

Այս էջը հաստատված է

ներածել այս յուրօրինակ պատմությունը։ Առի֊թից օգտվելով պիտի ավելացնեմ, որ բոլորին ծանոթ հասարակ տամախաղը խորհելու ունակությունների շատ ավելի մեծ լարում է պահանջում, քան. խրթին և նրբախնդիր շախմատը։ Վերջինիս քարերը տարարժեք են և բոլորովին տարբեր ու քմահաճ քայլեր ունեն, և բարդությունը տվյալ դեպքում թյուրիմացաբար (սա բավական տարածված մոլորություն է) ընկալվում է որպես խորություն։ Այնինչ այստեղ ամեն ինչ վճռում է ուշադրությունը, և ցանկացած անփութություն կարող է մեծ կորուստների և նույնիսկ պարտության հասցնել։ Քանի որ շախմատի քայլերը ոչ միայն բազմազան են, այլև տարարժեք, նման վրիպումների հավանականությունը մեծապես աճում է, և տասից ինը դեպքում հաղթում է ոչ թե ավելի ընդունակ, այլ ավելի ուշադիր և կենտրոնացած խաղացողը։ Այլ բան է տամախաղը,ուր, աննշան շեղումներով, միայն մեկ քայլ կա, և ուշադրությունն այնքան մեծ դեր չի խաղում։ Այստեղ վրիպելու հավանականությունը նվազագույն է, և առավելությունը ստանում է նա, ով ավելի նրբամիտ է։ Պարզության համար պատկերացնենք մի խաղ, ուր միայն չորս տամա է մնացել և ոչ մի վրիպման մասին արդեն խոսք լինել չի կարող։ Ակնհայտ է, որ հավասար ուժերի դեպքում այստեղ կհաղթի այն խաղացողը, որը մի նոր, անակնկալ ու սրամիտ քայլ կգտնի։ Ուրիշ ելք չունենալով, վերլուծող մարդն աշխատում է իրեն նույնացնել հակառակորդի հետ, թափանցել նրա հոգու խորքը, և այսպիսով հաճախ մի հայացքից գուշակում է այն միակ և երբեմն անհեթեթության չափ պարզ քայլը, որով թակարդն է գցում իր ախոյանին:

Վիստը վաղուց ի վեր ճանաչված է որպես հաշվողական ընդունակությունները զարգացնող խաղ, և շատ մեծատաղանդ մարդիկ թվում է, թե անբացատրելի սեր են տածել նրա հանդեպ քամահրելով շախմատը որպես փուչ զբաղմունք։ Իսկապես, ուրիշ ոչ մի խաղ վերլուծական այդպիսի աշխատանք չի պահանջում, ինչպես վիստը։ Աշխարհիս մեծագույն շախմատիստն ընդամենը լավ շախմատիստ է, մինչդեռ վիստի վարպետը կարող է հաջողության հասնել կյանքի ցանկացած բնագավառում, որտեղ միտքը մրցում է մտքի հետ: Վարպետ ասելով հասկանում ենք նրան, ով կատարելապես տիրապետում է հաղթանակի հասցնող բոլոր օրինական միջոցներին։