Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/90

Այս էջը հաստատված է

համար սովորական զարդանախշերից։ Կողանցքերից դուրս ցցված պղնձե թնդանոթների փայլեցրած փողերն արտացոլում էին թոկասարքի վրա ճոճվող բազմաթիվ մարտական լապտերների լույսը։ Ամենից սարսափելին ու ապշեցուցիչը այն էր, որ այդ գերբնական ծովի գրկում վիթխարի նավն իր բոլոր առագաստներով քամուն ընդառաջ լողում էր ուղիղ դեպի անսանձ մրրիկի երախը։ Սկզբում մենք տեսնում էինք միայն քիթը, մինչ նավն այդ ընթացքում դանդաղ բարձրանում էր ահավոր ու դժխեմ խորխորատից։ Հետո նա մի զարհուրելի ակնթարթ քարացավ ալիքի կատարին, ասես զմայլվելով սեփական վեհությամբ, ապա երերաց, թեքվեց և սուրաց ցած։

Չգիտեմ, թե ինչ անսպասելի սառնասրտություն տիրեց ինձ այդ պահին։ Դժվարությամբ անցնելով ղեկի կողմը, ես աներկյուղ սպասում էի վերահաս կործանմանը։ Մինչ այդ, մեր նավը վերջապես հոգնեց ալիքների դեմ մաքառելուց և սկսեց քթով ընկղմվել ջուրը։ Գահավիժող հսկա զանգվածի սոսկալի հարվածը դիպավ մեր նավի հենց այդ մասին, և ես, որպես դրա անխուսափելի հետևանք, վայրի ուժով շպրտվեցի օտար նավի ճոպանների վրա...

Ընկնելուս պահին նավը շրջադարձ էր անում և փոխում էր ընթացքը, և այն փաստը, որ ինձ հաջողվեց խուսափել նրա անձնակազմի ուշադրությունից, ես վերագրեցի այդ պատճառով առաջացած իրարանցմանը։ Ես հեշտ ու հանգիստ մոտեցա գլխավոր վարանցքի կիսաբաց դռնակին և, հարմար պահ գտնելով, թաքնվեցի նավի ամբարում։ Հազիվ թե կարողանամ հաշիվ տալ, թե ինչու հենց այդպես վարվեցի։ Թերևս դա կարելի է բացատրել այն անորոշ երկյուղով, որը ես զգացի, առաջին անգամ տեսնելով այդ նավի ծովագնացներին։ Ես բոլորովին չէի ուզենա իմ բախտը հանձնել այն մարդկանց ձեռքը, որոնք առաջին իսկ հայացքից ինձ այդքան կասկած, վախ ու անհանգստություն ներշնչեցին։ Առայժմ հարկ համարեցի նավի ամբարում մի փոքրիկ թաքստոց պատրաստել։ Երեսպատումից մի քանի տախտակ հանելով, ես նավի հսկա ողնակողերի միջև ինձ համար մի հարմար անկյուն ստեղծեցի։

Հազիվ էի գործս վերջացրել, երբ նավամբարում քայլեր լսվեցին, և ես ստիպված օգտվեցի թաքստոցից։ Իմ կողքով տկար ու երերուն քայլվածքով մի մարդ անցավ։ Թեև նրա դեմքը չէր երևում, ինձ հաջողվեց զննել նրա արտաքինը, որը զառամյալ