Աջից ու ձախից սառույցը ճեղքվում է, և մենք զարհուրելի արագությամբ սուրում ենք հսկայական մի ամֆիթատրոնի շրջագծով, որի պատերը կորչում են խավարի ու անսահմանության մեջ։ Եվս մի քիչ, և ճակատագրիս մասին մտածելու ժամանակ այլևս չի լինի։ Շրջաններն արագ նեղանում են, և մենք խենթի պես մխրճվում ենք վիթխարի ջրապտույտի երախը... Օվկիանոսի շառաչի, որոտի ու վնգստոցի մեջ նավը ցնցվում է և... Տեր իմ աստվա՜ծ, խորտակվում։
Ծանուցում՝
«Շշի մեջ գտնված ձեռագիրը» տպագրվել է 1831 թվականին։ Տարիներ անց ես ծանոթացա Մերկատորի քարտեզների հետ, ուր օվկիանոսը ներկայացված է չորս հսկայական հոսանքների տեսքով, որոնք սլանում են դեպի Բևեռային (հյուսիսային) խոռոչ և անհետանում երկրի ընդերքում, իսկ Բևեռը պատկերված է որպես երկինքը մխրճված սաստիկ բարձր մի սև ժայռ։
— De BérangerSon cœur est un luth suspendu;
Sitôt qu'on le touche il résonne[1].
Աշնանային գորշ, տաղտուկ ու անհրապույր մի օր էր։ Առավոտից ձին հեծած, գլխավերևումս կիտված ծանր ամպերի ներքո, ես միայնակ ընթանում էի բոլորովին ամայի մի արահետով։ Արդեն մթնում էր, և վերջալույսի ցոլքերը դանդաղ նահանջում էին թանձրացող խավարի առջև, երբ ես վերջապես հայտնվեցի մռայլ մի շինության՝ Աշըրի տան առաջ։ Չգիտեմ ինչու, բայց առաջին իսկ հայացքից այդ տունն անդարմանելի մի թախիծ ներարկեց հոգուս մեջ։ Անդարմանելի, որովհետև մեղմացված չէր ծանոթ ու դուրեկան այն քնարական երանգներով, որոնք սովորաբար գերում են մեզ բնության նույնիսկ ամենից սոսկալի պատկերներում։ Կանգնել ու անթարթ նայում էի առջևիս մենավոր ապարանքին, դժգույն պատերին, տեղահան արված պատուհանների խոռոչներին, ցաք ու ցրիվ թփուտներին
- ↑
Նրա սիրտն ասես կախ տված վին լինի,
Հերիք է հպվես՝ կարձագանքի։ — Բերանժե (ֆր.)։