Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/101

Այս էջը հաստատված է

անելով ձիավորին և ձիուն, հասավ թնդանոթաձիգներին և արդեն խլեց մի թնդանոթ։ Իսկ այնտեղ արդեն նա տեսավ, որ գործի վրա է Ումանի կուրենի ատամանը, իսկ Ստեպան Գուսկան արդեն խլում է մեծ թնդանոթը։ Նա թողեց այն կոզակներին և յուրայինների հետ միասին դարձավ դեպի թշնամու մի այլ խումբը։ Որտեղով անցնում էին նեզամայկովցիները, այնտեղ արդեն փողոց էր, որտեղ շրջվում էին՝ նրբանցք էր։ Պարզ երևում էր, թե ինչպես նոսրանում էին շարքերը, և լեհացիք խուրձերով էին պառկում։ Ւսկ հենց սայլերի մոտ Վովտուզենկոն էր, առջևից՝ Չերևիչենկոն, իսկ հեռվի սայլերի մոտ՝ Դեգտյարենկոն, նրա հետևից՝ ատաման Վերտիխվիստը։ Դեգտյարենկոն արդեն նիզակի վրա էր բարձրացրել երկու իշխանազունների և արդեն հարձակվում էր անձնատուր չեղող երրորդի վրա։ Ամրակազմ և ճարպիկ էր լեհացին, զարդարված ճոխ ձիասարքով, և իր հետ նա բերել էր միայն հիսուն սպասավորներ։ Նա ուժով կռացրեց Դեգտյարենկոյին, գետին գլորեց և արդեն թուրը նրա գլխին ճոճելով, բղավեց.

«Շնե՛ր, ձեր կոզակների մեջ մեկը չկա, որ չափվի ինձ հետ»։

«Ա՛յ տես, կա՛», — ասաց և առաջ անցավ Մոսիյ Շիլոն։ Նա ուժեղ կոզակ էր, շատ անգամ էր ծովի վրա ատաման եղել և շատ փորձանքներ էր անցել նրա գլխով։ Տաճիկները հենց Տրապիզոնի մոտ նրանց բռնել էին և բոլորին ճորտի նման տեղավորել առագաստանավերի վրա, ձեռքերն ու ոտքերը շղթայել երկաթե շղթաներով և ամբողջ շաբթով կորեկ չէին տվել և ջրել էին ծովի դառնահամ ջրով։ Խեղճ գերիներն ամեն ինչ կրել ու համբերել էին, միայն թե չուրանան ուղղափառ հավատը։ Չէր համբերել ատաման Մոսիյ Շիլոն, ոտնատակ էր տվել սուրբ օրենքը, իր մեղավոր գլուխը փաթաթել էր անարգ ապարոշով, շահել էր փաշայի սիրտը, նավի վրա դարձել էր բանալիների հսկիչը և բոլոր գերիների վերակացուն։ Խեղճ գերիները շատ էին տխրել այդ բանի համար, որովհետև գիտեին, որ եթե յուրայինն է հավատը փոխում և միանում ճնշողներին, ապա ավելի ծանր և դառն է նրա ձեռքի տակ մնալ, քան թե որևէ այլ անօրենի ձեռքի տակ: Այդպես էլ եղավ։ Մոսիյ Շիլոն բոլորին նոր շղթաներով