Եվ իսկույն ևեթ երեսուն արագոտն կոզակներ ելան, որ նրան գրավեն դեպի անտառը և ծուղակի մեջ գցեն։ Եվ շտկելով իրենց բարձր գդակները, առանց սպասելու հուսարներին, խաչկտրուկ բաց թողին ձիերը։ Կողքից խփեցին առջևիններին, նրանց բաժանեցին հետևիններից, երկուսին էլ մի-մի հասցրին, իսկ Գոլոկոպիտենկոն Անդրիի մեջքին զարկեց թրի տափակ կողմով, և նույն պահին կոզակները փախուստ տվին, որքան կբավեր կոզակի ուժը։ Ինչպիսի թափով հարձակվեց Անդրին, ինչպե՜ս նրա երակներում գազազեց երիտասարդ արյունը։ Սուր խթաններով խթանելով ձիուն, կայծակի նման արշավեց նա կոզակների հետևից, չնայելով ետ և չտեսնելով, որ նրա հետևից միայն քսան հոգի էին կարողանում նրան հասնել, իսկ կոզակները թռչում էին ձիերի վրա նստած և ուղղակի դարձան անտառի կողմը։ Ձին սրարշավ քշեց Անդրին և քիչ էր մնացել, որ հասներ Գոլոկոպիտենկոյին, երբ հանկարծ մի հզոր ձեռք բռնեց նրա ձիու սանձը։ Անդրին նայեց, նրա առաջ Տարա՛սն էր։ Նա ամբողջ մարմնով ցնցվեց և գունատվեց…
Այդպես կրակի նման բռնկվում է դպրոցականը, որ անզգուշաբար ծեծել էր ընկերոջը և դրա համար նրանից ստացել քանոնի մի հարված ճակատին, և նստարանից գազազած վեր ցատկելով, վազում է իր վախեցած ընկերոջ հետևից պատրաստ նրան կտոր-կտոր անելու, և հանկարծ հանդիպում է դասարան մտնող ուսուցչին, մի ակնթարթում խաղաղվում է ամեհի բորբոքը և հանգչում է անզոր ցասումը։ Դպրոցականի նման մի ակնթարթում չքացավ Անդրիի զայրույթը, կարծես չէր էլ եղել։ Եվ իր առաջ նա տեսավ միայն ահարկու հորը։
«Դե՜, հիմա ի՞նչ պիտի անենք»,– ասաց Տարասը, ուղիղ նայելով նրա աչքերին։ Բայց Անդրին ոչինչ չկարողացավ պատասխանել և կանգնել էր, աչքերը գետնին հառած։
«Ի՞նչ է, տղաս, օգնեցի՞ն քեզ քո լեհերը»։
Անդրին լուռ էր։
«Ուրեմն դավաճանե՞լ, ուրանա՞լ հավատը, դավաճանել քո ազգակիցների՞ն, կա՛ց դու և իջի՛ր ձիուց»։
Խոնարհ, ինչպես երեխան, նա ձիուց իջավ և Տարասի առաջ կանգնեց՝ ո՛չ կենդանի և ո՛չ մեռած։