Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/113

Այս էջը հաստատված է

որ նա մռայլ էր ու տխուր։ Նրա ճակատի վրա փոս ընկան երեք խորունկ կնճիռներ և այլևս երբեք չհալվեցին։ Նա այժմ իր շուրջն էր նայում. Սեչում բոլորը նոր մարդիկ էին, և մահացել էին իր բոլոր հին ընկերները։ Ոչ ոք չկար նրանցից, որոնք կռվել էին հանուն արդար գործի, հավատի և եղբայրության։ Վաղուց չկային և նրանք, որոնք կոշևոյի հետ գնացել էին թաթարների հետևից. նրանք բոլորը զոհել էին իրենց գլուխները, բոլորը ոչնչացել էին. ով հենց կռվի մեջ պատվով զոհել էր գլուխը, ով Ղրիմի աղուտներում էր մեռել ծարավից ու քաղցից, ով կորել էր գերության մեջ, չդիմանալով անարգանքին. արդեն վաղուց աշխարհում չկար և նախնի կոշևոյը, չկար և ոչ ոք վաղեմի ընկերներից, արդեն վաղուց խոտ էր բուսել նրանց երբեմնի հզոր մարմինների աճյունի վրա։ Նա միայն լսել էր, որ եղել էր աղմկահույզ և զորեղ խրախճանք. ջարդուփշուր էր եղել ամանեղենը, ոչ մի տեղ չէր մնացել գինու մի կաթիլ, հյուրերը և սպասավորները կողոպտել էին բոլոր թանկագին թասերը և անոթները, — և այլայլված կանգնել է տանտերն ու միտք է անում. «Լավ կլիներ, եթե չլիներ այդ խրախճանքը»։ Իզուր էին ջանում Տարասին զվարճացնել և զբաղեցնել. իզուր էին ալեմորուս և ծերունի փանդիռ նվագողները, որոնք գալիս էին երկու-երկու կամ երեք հոգի, իզուր էին նրանք գովերգում նրա քաջագործությունները։ Նա անտարբեր և խստադեմ նայում էր ամենքին և ամեն ինչի, և նրա քարացած դեմքի վրա ելնում էր անհանգչելի վիշտը և, գլուխը խոնարհած, նա մեղմ շշնջում էր. «Իմ որդի, իմ Օստապ»:

Զապորոժցիները պատրաստվեցին ծովային արշավանքի։ Դնեպր իջեցրին երկու հարյուր նավակ, և Փոքր Ասիան տեսավ նրանց՝ ածիլած գլուխներով և երկար ցցունքներով, իր ծաղկած ափերը հրի և սրի տալիս. տեսավ, թե ինչպես իր մահմեդական բնակիչների ապարոշները, իր երկրի անհամար ծաղիկների նման, շաղ են տված արյունով թրջված դաշտերում կամ լողում են ափերի մոտ։ Փոքր Ասիան տեսավ անթիվ զապորոժցիների կպրած շալվարներ և մկանուտ ձեռքեր՝ սև մտրակներով։ Զապորոժցիները կերան խաղողը և ավերեցին բոլոր այգիները, մզկիթներում աղբի ահագին կույտեր թողին, պարսկական թանկագին շալերը խոնջանների տեղ