հանից։ Ջհուդ երեխաների խումբը՝ կեղտի մեջ կորած, պատառոտված շորերով և գանգուր մազերով, բղավում և թավալվում էր ցեխի մեջ։ Մի շեկ ջհուդ, պեպենոտ երեսով, որից նրա դեմքը նմանվում էր ճնճղուկի ձվի, պատուհանից դուրս նայեց, նա իսկույն ևեթ Յանկելին ինչ-որ բան ասաց իր մոլթանի լեզվով, և Յանկելն իսկույն սայլակը ներս քշեց մի բակ: Փողոցով անցնում, էր մի ուրիշ ջհուդ. նա կանգնեց, նույնպես խառնվեց խոսակցությանը, և, երբ վերջապես Բուլբան սողալով դուրս եկավ աղյուսների տակից, տեսավ երեք ջհուդների, որոնք խոսում էին մեծ եռանդով։
Յանկելը դարձավ Բուլբային և ասաց, ինչ որ պետք է, կանեն, որ նրա Օստապը նստած է քաղաքային զնդանում ու, թեև դժվար է համոզել պահապաններին, բայց, այնուամենայնիվ, նա խոստանում է նրա համար գլուխ բերել տեսակցությունը։
Երեք ջհուդների հետ միասին Բուլբան մտավ սենյակ։
Ջհուդները նորից սկսեցին իրար հետ խոսել իրենց անհասկանալի լեզվով։ Տարասը դիտում էր նրանցից յուրաքանչյուրին։ Թվում էր, թե ինչ-որ մի բան ուժգին ցնցում է նրան։ Նրա կոշտ և անտարբեր դեմքի վրա բռնկվեց հույսի մի ինչ-որ սրտմաշուկ բոց, այն հույսի, որ հուսահատության վերջին աստիճանին այցելում է մարդուն։ Նրա ծերուկ սիրտը, ինչպես մի պատանու սիրտ, սկսեց սաստիկ բաբախել:
«Լսեցե՛ք, ջհուդներ,— ասաց նա և նրա խոսքերի մեջ մի ինչ-որ խանդավառ բան կար,– աշխարհում դուք ամեն ինչ կարող եք անել, ամեն ինչ կարող եք ծովի տակից հանել. և առածը վաղուց է ասում, որ եթե ջհուդը կամենա գողանալ, ինքն իրեն կգողանա։ Ազատեք իմ Օստապին, այնպես արեք, որ նա կարողանա փախչել այս դևերի ձեռքից։ Ա՛յ այս մարդուն ես տասներկու հագար ոսկի եմ խոստացել, ես տասներկու հազար էլ կավելացնեմ։ Ւնչ որ ունեմ ես՝ թանկագին թասեր և գետնի տակ պահած ոսկի, տունս և վերջին շորս կծախեմ և ձեզ հետ պայման կկապեմ, որ քանի կենդանի եմ, կռվի մեջ ինչ որ ձեռք բերեմ, բոլորը ձեզ հետ հավասար կիսեմ»։
«Օ՜, չի կարելի, սիրելի պան, չի կարելի»,– հառաչելով ասաց Յանկելը։