գունդ էր և այդ զորագնդին առաջնորդում էր Տարաս Բուլբան: Նրա պատկառելի հասակը, փորձառությունը, զորքը ղեկավարելու կարևորությունը և ամենքից ավելի զորեղ, թշնամու հանդեպ ունեցած ատելությունը նրան մյուսներից ավելի կշիռ էր տալիս։ Նրա անողոք խստությունը և դաժանությունը մինչև անգամ իրենց՝ կոզակներին թվում էր չափից ավելի։ Նրա ալեհեր գլուխը որոշում էր միայն կրակ ու կախաղան, և զորական խորհրդում նրա խորհուրդները շնչում էին միայն բնաջնջմամբ։
Ավելորդ է նկարագրել բոլոր պատերազմները, երբ քաջամարտիկ էին կոզակները, ինչպես և հարկ չկա նկարագրելու ողջ արշավի աստիճանական ընթացքը, այդ ամենը գրված են տարեգրության մատյաններում։ Հայտնի է, թե ռուսական երկրում ինչպես է ընթանում պատերազմը հանուն հավատի։ Չկա ուժ հավատից ավելի հզոր։ Նա անպարտելի է և ահեղ, ինչպես հարափոփոխ և փոթորկահույզ ծովի մեջ անձեռակերտ ժայռը։ Ծովի խորունկ խորքերից դեպի երկինքն են բարձրանում նրա անխորտակելի պատերը, որոնք ստեղծված են մի և ամբողջական քարից։ Ամեն կողմից նա երևում է և շեշտակի նայում է կողքով վազող ալիքների աչքերին։ Եվ վա՜յ նավին, որ կբախվի նրան, ինչպես՝ տաշեղներ կթռչեն՝ նրա սարվածները, ամեն ինչ կփշրվի և կսուզվի անդունդը, և օդը կլցվի խեղդվողների ողբալի աղաղակներով։
Տարեգրության մատյաններում մանրամասն նկարագրված է, թե ինչպես ազատագրվող քաղաքներից փախչում էր լեհացիների պահակազորը, ինչպես էին կախում ջհուդ անխիղճ վարձակալներին, ինչպես թագավորական հեթման Նիկոլայ Պստոցկին իր անհամար բանակով անզոր էր դիմադրելու այդ անհաղթահարելի ուժին, թե ինչպես, պարտված և հալածված, նա մի աննշան գետակի մեջ խեղդեց իր բանակի թագն ու պսակը, ինչպես Պոլոննի՝ անվայել փոքրիկ ավանի մոտ կոզակների ահեղ զորագնդերը շրջապատեցին նրան, և ինչպես վերջին ծայրահեղության հասած լեհացի հեթմանը թագավորի և պետական աստիճանավորների անունից երդմամբ խոստացավ լիովին գոհացում տալ կոզակներին և վերավարձնել նրանց վաղեմի իրավունքները և առանձնաշնորհումները։ Բայց կոզակներն այնպիսի մարդիկ չէին, որ խաբվեին այդ