Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/135

Այս էջը հաստատված է

մոտ քառասուն լեհական եկեղեցի և արդեն մոտենում էր Կրակովին: Լեհացի շատ ազնվականների ջարդեց նա, կողոպտեց հարուստ և հռչակված ամրոցներ. կոզակները փշրում էին ամանները և գետին թափում հարյուրամյա գինին ու մեղրը, որ անձեռնմխելի պահվում էին պաների մառաններում: Թրերով կտրատում և հրդեհում էին թանկարժեք մահուդներ, զգեստներ և կահկարասի, որ հանում էին նկուղներից: «Ոչինչ չխնայեք»,– կրկնում էր միայն Տարասը: Կոզակները չէին մեղքանում մրահոն պաննաներին, ճերմակ կրծքով և լուսերես կույսերին, որոնք չէին փրկվում նույնիսկ եկեղեցիների բեմի մոտ. Տարասը կրակին էր մատնում և՛ նրանց, և՛ եկեղեցիները: Կրակի բոցերի միջից դեպի երկինք էին կարկառում բազմաթիվ ձյունաթույր ձեռքեր, լսվում էին ողբի աղաղակներ, որոնցից կճեղքվեր մայր հողը, և տափաստանի խոտն ափսոսանքից կխոնարհեր գլուխը: Սակայն խստասիրտ կոզակները չէին ունկնդրում ոչ ոքի և նիզակների ծայրով փողոցից բարձրացնելով մանուկներին, շպրտում էին կրակի մեջ, դեպի նրանց: «Այս հոգեհանգիստ է իմ Օստապի համար, ապիրատ լեհեր»,— ասում էր միայն Տարասը: Եվ Օստապի համար այդպիսի հոգեհանգիստ նա կատարում էր ամեն գյուղում, մինչև լեհական կառավարությունը տեսավ, որ Տարասի արածը սովորական ասպատակից ավելի է, և հենց նույն Պոտոցկուն հրահանգվեց հինգ զորագնդով անպայման բռնել Տարասին:

Արահետներով վեց օր կոզակները խույս էին տալիս հետապնդողներից, ձիերը հազիվ էին դիմանում այդ արտասովոր փախուստին և փրկում էին կոզակներին: Բայց այս անգամ Պոտոցկին արժանի էր իրեն հանձնարարված գործին. նա անխոնջ հետապնդեց նրանց և վրա հասավ Դնեստրի ափին, որտեղ Բուլբան թեթև դադարի համար գրավել էր կիսավերակ մի բերդ:

Դնեստր գետի զառիվայր ափին բարձրացել էր բերդը, և երևում էին նրա պատռված պատնեշն ու ավերակ պարիսպների բեկորները: Խիճով և փշրված աղյուսով էր պատած սրածայր ժայռի կատարը, որ ամեն րոպե կարող էր պոկվել և գլորվել անդունդը: Այդտեղ էլ երկու կողմից, որ նայում էին դեպի դաշտը, նրան օղակեց թագավորական հեթման Պոտոց