բարձր ծիծաղեցին, տեսնելով նրա ցեխոտ մռութը, և նրան պատասխանի չարժանացրին: Վերջապես տեղեկացավ, որ այդ գեղեցկուհին Կովնոյի՝ ժամանակավորապես Կիև եկած վոևոդի աղջիկն է։ Հենց հաջորդ գիշերը, միայն բուրսակներին հատուկ խիզախությամբ, նա ցանկապատի արանքով ներս մտավ այգին, բարձրացավ ծառի վրա, որի ճյուղերը տարածվել էին մինչև տան կտուրը. ծառից իջավ կտուրը և բուխարու ծխնելույզի միջով ուղիղ ներս մտավ գեղեցկուհու ննջարանը, որի տիրուհին այդ ժամանակ նստել էր ճրագի առաջ և ականջներից հանում էր հարուստ գինդերը։ Չքնաղ լեհուհին, երբ հանկարծ իր առջև տեսավ մի անծանոթ մարդու, այնպես վախեցավ, որ չկարողացավ մի բառ արտասանել. բայց երբ նկատեց, որ բուրսակը կանգնել էր աչքերը խոնարհած և ամոթխածությունից չէր համարձակվում ձեռքը շարժել, երբ ճանաչեց այն երիտասարդին, որն իր աչքի առաջ, փողոցում թրմփաց, աղջկա ծիծաղը նորից բռնեց, մանավանդ որ Անդրիի դիմագծերի մեջ սարսափելի ոչինչ չկար, և նա շատ սիրունատես տղա էր։ Գեղեցկուհին ի սրտե ծիծաղում էր և երկար ժամանակ նրանով զվարճանում։ Նա թեթևսոլիկ էր, ինչպես լեհուհի, բայց նրա աչքերը, նրա հրաշալի աչքերը, խորունկ ու պարզ, նետում էին խոր հայացք, ինչպես հավատարմությունը։ Բուրսակի ձեռքերը կարկամել էին, և նա մեխվել էր տեղում, երբ վոևոդի աղջիկը համարձակ մոտեցավ նրան և նրա գլխին հագցրեց իր շողշողուն ապարոշը, նրա շրթունքներից կախեց իր գինդերը և վրան գցեց ոսկեկար դրասանգներով զարդարուն մարմաշե թափանցիկ շեմիզետը։ Նա զարդարում էր բուրսակին և նրա հետ խաղում էր հազար ու մի խաղ, խաղում էր մանկան ազատ համարձակությամբ, որ հատուկ է թեթևամիտ լեհացի կանանց, և այդպիսով խեղճ բուրսակին գցում էր ավելի մեծ շփոթության մեջ։ Անդրին ներկայացնում էր ծիծաղելի կերպարանք և բերանը բաց, անշարժ նայում էր աղջկա շլացնող աչքերին։ Այդ ժամանակ դռան մոտ լսվող թրխկոցը վախեցրեց աղջկան։ Նա բուրսակին պատվիրեց թաքնվել մահճակալի տակ և, երբ տագնապն անցավ, կանչեց իր նաժիշտին, որը գերի թաթարուհի էր, և նրան հրամայեց բուրսակին զգուշությամբ անցկացնել այգի և այնտեղից
Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/18
Այս էջը հաստատված է