Թաթարը շամփուրների վրա խորովում էր ոչխարի մսի գնդերը՝ խմորով սարքած։ Ջհուդը, գլուխը դուրս ցցած, տակառից արաղ էր քամում։ Բայց առաջին մարդը, որ նրանց հանդիպեց, մի զապորոժցի էր, որը քնել էր հենց ճանապարհի մեջտեղը, ձեռքերն ու ոտքերը մեկնած։ Տարաս Բուլբան չկարողացավ կանգ չառնել և չհիանալ նրանով։
«Է՛, տես ոնց է փռվել․․․ փա՛հ, փա՛հ, ի՜նչ փարթամ մարմին է»,— ասաց նա, պահելով ձին։ Իրոք որ, այդ բավական խիզախ տեսարան էր. զապորոժցին առյուծի նման մեկնվել էր ճանապարհի վրա։ Նրա հպարտությամբ ետ գցած մազերի փունջը կես արշին տեղ էր գրավել։ Նրա կարմիր և թանկագին մահուդե շալվարը կուպրոտ էր, որով տերը ցույց էր տալիս իր կատարյալ արհամարհանքը դեպի զգեստը։ Նրան զվարճությամբ նայելուց հետո Բուլբան առաջ անցավ մի նեղ փողոցով, որտեղ լիքն էին արհեստավորները, որոնք հենց այդտեղ էլ բանեցնում էին իրենց արհեստը, և ամեն ազգի մարդկանցով, որոնք հավաքվել էին Սեչի այդ արվարձանը, որ նման էր տոնավաճառի և կերակրում ու հագցնում էր Սեչին: Իսկ Սեչը գիտեր միայն զվարճանալ և հրացան կրակել։
Վերջապես նրանք անցան արվարձանը և տեսան մի քանի ցրված կուրեններ, որոնք ծածկված էին ճիմով կամ ըստ թաթարական ձևի՝ թաղիքով։ Մի քանիսի կտուրին դրած էին թնդանոթներ։ Ոչ մի տեղ չէր երևում ցանկապատ և կամ այն ցածր տնակներն ու սրահները՝ փայտե փոքրիկ սյունիկների վրա, ինչպես արվարձանում։ Փոքր թումբը և ճյուղերով շինած պատնեշը, որոնք բոլորովին առանց հսկողության էին, ցույց էին տալիս սոսկալի անհոգություն։ Մի քանի հաղթանդամ զապորոժցիներ, որոնք չիբուխն ատամների արանքում, պառկել էին ճանապարհի վրա, բավական անտարբեր նայեցին նրանց և տեղերից չշարժվեցին։ Որդիների հետ Տարասն զգուշությամբ անցավ նրանց միջով և ասաց. «Ողջույն պաներին։ — «Ողջություն և ձեզ», — պատասխանեցին զապորոժցիները։ Ամբողջ դաշտի վրա ամենուրեք գեղանկար խմբով երևում էր ժողովուրդը։ Նրանց թուխ դեմքերից հայտնի էր, որ բոլորն էլ կոփվել են պատերազմների մեջ և կրել են բազմատեսակ դառնություններ։ Ահա սա՛ է Սեչը․․․ Ահա այն բույնը, որտեղից դուրս են թռչում այն բոլոր առյուծի նման