գնելու: Մի քանի կոզակ մեռնելիս ինչ որ կտակել են, եկեղեցին միայն այդ է ստացել։ Այդ պարգևն էլ շատ նվազ էր, որովհետև պարգևատու կոզակներն իրենց կարողությունը համարյա ամբողջովին արաղի էին տվել։ Իմ խոսքը նրա մասին չի, որ անօրենների հետ կռիվ անենք. սուլթանին մենք հաշտություն ենք խոստացել, և մեծ մեղք կանենք, քանի որ մենք երդվել ենք մեր հավատի վրա»։
«Նա ի՞նչ է գլխից դուրս տալիս», — ինքն իրեն ասաց Բուլբան։
«Ինչպես տեսնում եք, պան զապորոժցիներ, չի կարելի կռիվ սկսել։ Ասպետական պատիվը չի թույլատրում։ Իսկ ես իմ կարճ խելքով ահա թե ինչ եմ մտածում. միայն ջահելներին թույլ տանք, որ նավակներով գնան և մի քիչ տակնուվրա անեն Անատոլիայի ափերը։ Ի՞նչ եք ասում, պաներ»։
«Տա՛ր, տա՛ր բոլորին, — բոլոր կողմերից բղավեց ամբոխը։ — Պատրաստ ենք գլուխներս դնելու հանուն հավատի»։
Կոշևոյը վախեցավ։ Նա ամենևին չէր ուզում ոտքի հանել ողջ Զապորոժիեն։ Նա անարդար գործ էր համարում խախտել հաշտության դաշինքը։
«Թույլ տվեք, պան զապորոժցիներ, մի խոսք էլ ասելու»։
«Հերիք է, — բղավեցին զապորոժցիները։ — Դրանից լավը չես ասի»։
«Դե որ այդպես է, թող այդպես լինի։ Ես ձեր կամքի ծառան եմ։ Հայտնի բան է, սուրբ գրքումն էլ կա, որ ձայն բազմաց՝ ձայն աստծո։ Այն, ինչ որ ժողովրդի մտածմունքն է, դրանից ավելի խելոք բան չես մտածի։ Բայց մի բան կա, պան զապորոժցիներ, ձեզ հայտնի է, որ սուլթանն անպատիժ չի թողնի այն զվարճությունը, որ պիտի վայելեն մեր կտրիճները։ Այնինչ մենք կպատրաստվեինք, մեր ուժերը թարմ կլինեին և ոչ ոքից չէինք վախենա։ Բացակայելու դեպքում կարող է, որ թաթարները հարձակվեն. այդ տաճկական շներն աչքի չեն երևում, վախենում են տանտիրոջ տունը մտնել, այնինչ հետևից են կծում և այնպես պինդ են կծում։ Դե, եթե բանն այնտեղ է հասել, որ արդարությունը խոսենք, մենք պահեստի այդքան նավակներ չունենք, վառոդն էլ այնքան չի պատրաստած, որ բոլորս գնանք։ Իսկ ես, կարող եմ ասել, որ ուրախ եմ. ես ձեր կամքի ծառան եմ»։